Հայտնի ամերիկացի միլիարդատեր, Berkshire Hathaway ներդրումային հոլդինգի ղեկավար 82-ամյա Ուորեն Բաֆեթը անձնական էջ է բացել Twitter-ում: Բաֆեթը, ում շատերը համարում են 20-րդ դարի ամենահաջողակ ներդրողը, իր անձնական էջը (@WarrenBuffett) բացելու մասին հայտարարել է Նեբրասքա նահանգի համալսարանում ընթացող կոնֆերանսի ժամանակ: Մի քանի ժամ անց նրա էջին արդեն բաժանորդագրվել է ավելի քան 150 հազար մարդ:
«Իմ ընտանիքն այլեւս չի կարող պնդել, որ ես մնացել են 19-րդ դարում»,-կատակել է միլիարդատերը:
Հայտնի է, որ Բաֆեթը քիչ է հետաքրքրված տեխնոլոգիական ընկերություններում ներդրումներով: Նա ասել է, որ չի կարող կանխատեսել այդ ընկերությունների ապագան այնպիսի ճշգրտությամբ, ինչպես ապահովագրական եւ արդյունաբերական ընկերությունների դեպքում: Բաֆեթն անգամ իր աշխատասենյակում համակարգիչ չունի:
Հիշեցնենք, որ 2008-ին Բաֆեթը գլխավորել էր մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակը: Ներկայումս նրա կարողությունը հասնում է 57 մլրդ դոլարի եւ նա այդ ցուցակում երրորդն է:



























