ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգը մայիսի 2-ին օրինականացրել է նույնասեռ ամուսնությունները եւ թվով 10-րդ նահանգն է դարձել, որտեղ սեռական փոքրամասնությունները կարող են օրինականացնել իրենց հարաբերությունները:
Ռոդ Այլենդի նահանգապետ Լինքոլն Շաֆեն ստորագրել է հենց նույն օրը նահանգի ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված օրենքը, որին կողմ է քվեարկել պալատի 56 անդամ, դեմ` 15-ը: Սենատն այդ փաստաթուղթն ավելի վաղ էր հաստատել: Ըստ Associated Press-ի` նույնասեռ ամուսնություններից առաջինը կկայանա օգոստոսի 1-ին:
Ինչպես նշել է Gazeta.ru-ն, նույնասեռ ամուսնություններն արդեն օրինականացվել են Մասաչուսեթսում, Քոնեքթիքութում, Նյու Յորքում, Վերմոնտում, Նյու Հեմփշիրում, Այովայում, Մենում, Մերիլենդում եւ Վաշինգթոնում:
Մինչ օրենքի ընդունումը Կաթոլիկ եկեղեցին Ռոդ Այլենդի օրենսդիրներին կոչ է արել հրաժարվել նահանգի օրենսդրության մեջ «անբարոյական» փոփոխություններ կատարելուց: Մասնավորապես եպիսկոպոս Թոմաս Թոբինը Ռոդ Այլենդի կաթոլիկներին ուղղված նամակում նշել է, որ «նման քայլերը կարող են վնասել Աստծո հետ հարաբերություններին»:




























