Մայիսի 7-ին ժամը 15.00-ին Գորիսում տեղի կունենա «Բաց դռների օր» միջոցառումը, որը կազմակերպվել է Ֆրանսիացի սրտաբանների, մասնավորապես «Ակցիա առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության եւ նրա նախագահ Ավետիս Մատիկյանի ջանքերով:

Միջոցառմանը հրավիրված են ՀՀ Սփյուռքի եւ Առողջապահության նախարարները, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզպետները, մարզերի բժշկական հիմնարկների պատասխանատուներ եւ բուժ. աշխատողներ:

Կենտրոնի ստեղծման նպատակն է սրտաբանությունը զարգացնել ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում, որպեսզի այնտեղ ապրող սրտանոթային հիվանդություններով տառապող հիվանդները նույնպես հնարավորություն ունենան տեղում կամ մոտակայքում բարձրակարգ բուժում ստանալ՝ Ֆրանսիայում որակավորում անցած, ստենդավորման տեխնիկային տիրապետող հայ մասնագետների կողմից:

«Բաց դռների օր» միջոցառումը բուժաշխատողներին կօգնի մոտիկից ծանոթանալու նորաստեղծ կենտրոնի աշխատանքներին՝ անհրաժեշտության դեպքում բուժումն այնտեղ կազմակերպելու նպատակով:

Միջոցառումը վառ ապացույցն է հայրենիք-սփյուռք գործակցության մշտական ամրապնդման: