Բելառուսում ձերբակալվել են «Էկոմեդսերվիս» մասնավոր բժշկական կենտրոնի ներկայացուցիչները, որտեղ այցելու կանանցից մեկը մահացել էր պլաստիկե վիրահատությունից հետո: Մասնավորապես, ձերբակալվել են կլինիկայի տնօրենը, բժիշկ-անեսթեզիոլոգն ու երկու բուժքույրները: Բացի այդ, ինչպես հաղորդում է Բելառուսի առողջապահության նախարարությունը, «Էկոմեդսերվիս»-ը զրկվել է լիցենզիայից:

«Էկոմեդսերվիսի» նկատմամբ ձեռնարկված միջոցառումների մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ վիրահատությունից հետո կնոջ մահվանն արձագանքելն է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նա հանձնարարել է ամենախիստ միջոցները ձեռնարկել մեղավորներին պատժելու համար, ինչպես նաեւ ստուգել կլինիկայի ֆինանսատնտեսական գործունեությունը, գրում է Lenta.ru-ն:

Նշենք, որ մարտի վերջին այդ կլինիկայում պլաստիկ վիրահատության է ենթարկվել Գրոդնո քաղաքի 23-ամյա բնակչուհի Յուլյա Կուբարյովան, ով որոշել էր ուղղել մանուկ հասակում կոտրած քիթը:

Վիրահատությունը անցկացվել է ներերակային նարկոզով: Վիրահատությունից հետո վիրաբույժը հեռացել է, իսկ անեսթեզիոլոգը հարազատներին ասել է, որ «պետք չի նրան արթնացնել, ինքնուրույն կարթնանա»:

Ավելի ուշ պարզվել է, որ վիրահատության ժամանակ շարքից դուրս է եկել թթվածին մատակարարող սարքը: Գիշերը, երբ կինն այդպես էլ ուշքի չի եկել, նրան տեղափոխել են 4-րդ քաղաքային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Նա մի քանի շաբաթ մնացել է կոմայի մեջ եւ արդյունքում նրա կյանքը փրկել չի հաջողվել: