NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է Միջազգային հարցերով լեհական ինստիտուտի վերլուծաբան Քոնրադ Զաշտատովի հոդվածը, որը հրապարակվել է «New Eastern Europe» ամսագրում:

2013թ մայիսի 5-ին Երեւանում կայացել են ավագանու ընտրություններ: Դրանք Հայաստանի համար կարեւոր ընտրություններից վերջինն էին` 2012թ մայիսյան խորհրդարանական ընտրություններից ի վեր: Փետրվարին կայացել են նախագահական ընտրություններ, որոնցում հաղթանակ է տարել Սերժ Սարգսյանը: Թեեւ նա ստացել է ձայների 58 տոկոսը, անսպասելի բարձր տոկոսներ էր ստացել նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը` «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդն ու ՀՀ նախկին ԱԳ նախարարը: Հովհաննիսյանը չի ճանաչում Սարգսյանի հաղթանակի լեգիտիմությունը, պնդելով, որ ընտրությունները կեղծված էին եւ որ հաղթողն ընտրություններում ինքն է եղել:

Եվրոպայի խորհրդի դիտորդների կարծիքով, մայիսի 5-ի ընտրություններն անցել են խաղաղ եւ օրենքին համապատասխան, նախորդ ընտրությունների համեմատ գրանցվել է առաջընթաց: Բազմաթիվ հայ ընդդիմադիր քաղաքական գործիչներ եւ մտավորականներ հիասթափված են Եվրոպայի կողմից կայացրած որոշման առիթով: Ինչպես ապրիլի 9-ի հանրահավաքի ժամանակ հայտարարել է Հովհաննիսյանը` Սերժ Սարգսյանը «դադարում է ներկայացնել Հայաստանի Հանրապետությունն ու հայ ժողովրդին»:

Իշխանության ոչ լեգիտիմ լինելու վերաբերյալ ընդդիմության նման ծայրահեղական հայտարարությունները կրկնվել են 2007 եւ 2012թթ խորհրդարանական, ինչպես  նաեւ 2008թ նախագահական ընտրություններից հետո: Մայիսի 5-ի ընտրություններից հետո Հովհաննիսյանի «Բարեւ Երեւան» դաշինքն արդեն հայտարարել է, որ կպահանջի ձայների վերահաշվարկ մի քանի ընտրատեղամասերում:

Արդյունքում, ինչպես մինչ այդ բազմիցս էր եղել, ընդդիմությունը ստիպված կլինի ընդունել կանոնները, որոնք սահմանվում են իշխանությունների կողմից, եւ խաղալ նրանց խաղը: Այնուամենայնիվ, հայ հասարակության մոտ ընտրական գործընթացի եւ իշխանության լեգիտիմության նկատմամբ վստահության բացակայության փաստը չպետք է բնական համարել: Պետք չէ նույն կերպ վերաբերել նաեւ ոչ իշխող կուսակցության գերակայությանը խորհրդարանում եւ Երեւանի ավագանիում, ոչ էլ ընդդիմության թուլությանը:

Կհանգեցնի՞ արդյոք այս իրավիճակն ավտոկրատ համակարգի ստեղծմանը։ Հայաստանի նորագույն քաղաքական պատմությանը հետադարձ հայացք նետելով, հեշտ է ապացուցել, որ ժողովրդավարության ու քաղաքական ազատության մակարդակը տատանվել է։ Կասկած չկա, որ վատագույն իրավիճակը 2008 թվականին էր, երբ տասը մարդ մահացու վիրավորվեց նախագահական ընտրություններից հետո ցույցերի ժամանակ, եւ մի շարք ընդդիմադիրներ ձերբակալվեցին։ Այնուամենայնիվ, հետագա տարիներին կառավարությունն ընդդիմության հետ երկխոսություն ու համակարգի ազատականացում սկսեց։ Շատ դիտորդներ նկատել են վերջին երեք նախընտրական քարոզարշավներում Հայաստանի լրատվամիջոցների հարաբերականորեն բարձր ազատությունը։ Եթե չլիներ այդ զարգացումը, նախագահական ընտրություններին Րաֆֆի Հովհաննիսյանը չէր կարող լուրջ մարտահրավեր նետել Սերժ Սարգսյանին։

Ինչն է իշխանություններին ստիպում դանդաղ ընթանալ դեպի առավել ժողովրդավարական չափանիշներ։ Դրանք ոչ միայն ներքին, այլեւ, առաջին հերթին արտաքին գործոններ են։ Թերեւս, ամենակարեւոր գործոնները Հայաստանի հարաբերություններն են ԱՄՆ-ի եւ Եվրամիության հետ։

Թեեւ Ամերիկայի հայկական սփյուռքի ազդեցությունը Երեւանի քաղաքական կյանքում հաճախ գերագնահատվում է, իշխող վերնախավը պետք է հոգա Լոս Անջելեսի, Նյու Յորքի եւ Բոստոնի հայրենակիցների աչքում իր կերպարի մասին։

Հայաստանը վերջերս ավարտեց ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի բանակցությունները, որը, ամենայն հավանականությամբ, կնախաստորագրվի նոյեմբերին՝ Վիլնյուսում կայանալիք «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի ժամանակ։

Ասոցացման մասին համաձայնագրի որոշիչ մասը, որն իրոք կարող է երկարաժամկետ հեռանկարում փոխակերպել Հայաստանի տնտեսությունը, ԵՄ-ի հետ ազատ առեւտրի խոր եւ համապարփակ գոտու մասին համաձայնագիրն է։