Հայաստանում գազի սակագնի բարձրացումը ընդհանուր առմամբ օբյեկտիվ հիմք ունի, չնայած չի բացառվում, որ այդ որոշման կայացման հարցում որոշակի սուբյեկտիվիզմի տարրեր կան, այսինքն հնարավոր էր ցանկալի արդյունքի հասնել գազի ավելի քիչ թանկացման ճանապարհով: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, նման տեսակետ հայտնեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
Միաժամանակ նա Հայաստանի բնակչությանը կոչ արեց ըմբռնումով վերաբերվել գազի ու ջրի սակագների բարձրացմանը, քանի որ դա անհրաժեշտ է բարդ ինժեներական ենթակառուցվածքների պահպանման եւ կատարելագործման համար: Նրա խոսքով, Հայաստանի կառավարությունը գնաց այդպիսի ծայրահեղ միջոցների, քանի որ այլ տարբերակ չկար: Վ. Բոստանջյանն ասաց նաեւ, որ սակագների բարձրացման հետ կապված՝ գործադիր իշխանությունը սոցիալապես անապահով խավերի համար փոխհատուցման ծրագիր է մշակել: Նա կանխատեսեց, որ գազի սակագնի բարձրացումը կբերի նաեւ էլեկտրաէներգիայի ու տրանսպորտի գների համարժեք բարձրացման, ինչը կարող է սրել սոցիալական իրավիճակը Հայաստանում:
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ից սովորական սպառողների համար գազի 1 խմ գինը 96 դրամի փոխարեն հաստատվել է 132 դրամ, իսկ ձեռնարկությունների համար` 1000 խմ դիմաց 243,13 դոլար:



























