Իշխանությունը պարտավոր է լսել ընդդիմությանը նույնիսկ, եթե այդ ընդդիմությունը պառակտված է, փոքրաթիվ եւ թույլ: Այս մասին, այսօր՝ մայիսի 23-ին, ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկումների ժամանակ, իր ամփոփիչ ելույթում նշեց երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ստորեւ ներկայացնում ենք նրա ելույթը.

«Առաջին հերթին ուզում եմ կառավարության անունից շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ այս երեք օրվա շահագրգիռ եւ խիստ օգտակար քննարկումների համար: Պատահական չէր, որ այս երեք օրերի ընթացքում շատ ելույթ ունեցողներ հայացք էին գցում մեր անցած ճանապարհին, որովհետեւ մենք կանգնած ենք լուրջ մարտահրավերների առջեւ եւ նայում ենք՝ ապագա 4-5 տարիներին ինչպիսի զարգացումներ են տեղի ունենալու եւ մեր ծրագիրն ինչպիսի Հայաստան է կերտելու: 

Այդ տեսակետից, ես նույնպես ուզում եմ անդրադառնալ մեր անցած ճանապարհին: Այս դահլիճում գտնվում են մարդիկ, որոնց հետ մենք սկսել ենք շարժումը 1988 թվականից եւ այս տարիների ընթացքում շատ բաներ ենք տեսել, ու մենք պարտավոր ենք դասեր քաղել այս անցած ճանապարհից: Ես, լինելով Գերագույն խորհրդի նախագահության անդամ, հինգ տարի եղել եմ ընդդիմության շարքերում եւ Լեւոն Զուրաբյանի այն բոլոր հայտարարություններն՝ իշխանության ցինիզմի, լկտիության, ամենաթողության մասին՝ զգացել եմ իմ վրա: Եվ համար մեկ դասը, որ ես ինձ համար քաղել եմ՝ հետեւյալն է. իշխանությունը պարտավոր է լսել ընդդիմությանը նույնիսկ, եթե այդ ընդդիմությունը պառակտված է, փոքրաթիվ եւ թույլ: Դա իշխանության պարտավորությունն է, որովհետեւ ընդդիմությունն առաջ է քաշում գաղափարներ, որոնք օգտակար կարող են լինել: Մեր պարտավորությունն է տեսնել գլխավորը, միեւնույն ժամանակ, գլխավորի շուրջ համախմբվել: Երկրորդայինի մեջ, այո, պետք է լինել ազատ, պետք է մեզ քննադատեն:

Երկրորդ դասը, որ ինձ համար քաղել եմ՝ հետեւյալն է. առանց ուժեղ ընդդիմության՝ չի կարող լինել ուժեղ պետություն, քանի որ ուժեղ ընդդիմություն առաջին հերթին նշանակում է այլընտրանք: Ընդդիմությունը պետք է նայի դեպի ապագան եւ առաջարկի ծրագրեր, եթե համաձայն չէ մեր ծրագրերի հետ: Դա նշանակում է բանավեճ՝ ապագայի նկատմամբ: Մենք բոլորս կշահենք դրանից: Բայց եթե ընդդիմությունը որդեգրում է քաղաքականություն, որով ներկայացնում է միայն մեղադրանքներ, հերյուրանք, դա ճանապարհ է՝ դեպի անցյալ, այլ ոչ թե դեպի ապագա:

Երրորդ դասը. իշխանությունը պարտավոր է խոստովանել սեփական սխալներն ու բացթողումները: Դա է երաշխիքը, որ մենք այդ սխալները կուղղենք եւ կգնանք առաջ: Բայց դա ամենեւին չի նշանակում, որ եթե մենք խոստովանում ենք այդ սխալները, ընդդիմությունը մեզ պետք է վերագրի բաներ, որոնք մենք չենք արել, մեզ վերագրի մտքեր, որոնք մեր մտքերը չեն: Դա լավ ճանապարհ չէ:

Չորրորդ դասը, որ ես ինձ համար քաղել եմ. իշխանափոխությունը չէ մեր երկրի հիմնական խնդիրը, հարգելի իմ ընկեր Ռուբեն: Իշխանափոխությունը չէ այն հիմնարար խնդիրը, որի լուծումը մենք ձեզ հետ միասին պետք է գտնենք, այլ` ապագայի տեսլականը, համոզմունքը եւ կամքը: Ով ունի ապագայի տեսլական, ով ունի համոզմունք եւ կամք, նա էլ կլինի Հայաստանի Հանրապետությունում իշխանություն: Եվ եթե մենք համոզված ենք մեր տեսլականի մեջ`մենք պետք է նաեւ ներկայացնենք ձեր դատին, թե ինչ քայլերով պետք է գնանք առաջ: Եթե մենք ուզում ենք ունենալ նոր Հայաստան, դա նշանակում է, որ մենք պետք է անենք բաներ, որ մինչ օրս չենք արել, եթե ուզում ենք նոր արդյունք ստանալ: Իսկ խնդիրները, որոնք մեր առջեւ կանգնած են` տրիվիալ խնդիրներ չեն:

Պարզունակ լուծումներ չկան,  հարգելի գործընկերներ, իսկ մարտահրավերները, նոր վտանգները եւ ռիսկերը, որոնք առկա են աշխարհում, տարածաշրջանում, պարբերաբար դրսեւորվելու են:

Հինգերորդ իմ համոզմունքը եւ դասը, որ քաղել եմ, կայանում է հետեւյալում. առանց համագործակցության չի կարող իրականացվել ոչ մի տեսլական: Բայց, միեւնույն ժամանակ, համաձայն եմ իմ գործընկերների հետ, որ համագործակցությունը չի կարող պարտադրվել: Մեր ծրագրի նախաբանում գրված է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր ծրագիրը մշակելիս հիմք է ընդունել մեր կուսակցությունների նախընտրական ծրագրերը, այդ թվում ընդդիմության ծրագրերում առկա այն գաղափարները, որոնք համադրելի մեր գաղափարների հետ եւ դա նույնպես համագործակցության ձեւ է:

Մեր երկրի նախագահը կողմնակիցն է համագործակցության: Դա նրա քաղաքական գաղափարախոսության հենքն է: Մենք կողմնակիցն ենք համագործակցության, մենք կողմնակիցն ենք կամուրջներ կառուցելու իշխանության եւ ընդդիմության միջեւ: Եվ սրա մասին մեր քաղաքական ղեկավարը մշտապես հանդես է գալիս իր հրապարակային ելույթներում: Եվ սա այն հիմքն է, որի վրա մենք կառուցելու ենք մեր ապագան:

Այս երեք օրերի ընթացքում ես տեսա, որ այս դահլիճում տեղի ունեցավ մտածողության փոփոխություն: Մտածողության հեղափոխությունը սկսվեց այս դահլիճից, եւ ես ձեզ շնորհակալ եմ դրա համար»: