Կուբայում ավարտվել է կանադահայ գործարարի նկատմամբ դատաքննությունը, սակայն դատավճռի մասին ոչինչ չի հաղորդվում: Նրանք մեղադրվում էին կուբացի պաշտոնյաներին կաշառելու մեջ, հաղորդում է Reuters-ը:

Ակնկալվում էր, որ կանադահայ ձեռնարկատեր, «Tri-Star Caribbean» արտահանման ընկերության ղեկավար Սարգիս Յակուբյանը իրեն մեղավոր կճանաչի` ավելի մեղմ դատավճռի ակնկալիքով:  Հինգ դատավորներն իրենց դատավճիռը պետք է հրապարակեն  10 օրվա ընթացքում: Նշվել էր,  որ 53-ամյա Յակուբյանին մինչեւ  12 տարի ազատզրկում է սպառնում կաշառելու, հարկերի վճարումից խուսափելու եւ երկրի տնտեսությանը վնաս հասցնելու համար: Նրա գործընկերը, Լիբանանի քաղաքացի Գրիգոր Բայասալյանը  դատարանում համապատասխանող է եղել:

Կուբայում Կանադայի դեսպանը ներկա է գտնվել դատարանում, սակայն լրագրողներին ոչինչ չի հայտնել: Լրագրողներին թույլ չեն տվել նաեւ լուսաբանել դատաքննությունը: Կուբայի պետական լրատվամիջոցները եւս առայժմ դեռ ոչինչ չեն հաղորդել: