Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն, այսօր՝ մայիսի 30-ին, ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Կոնստանտին Օբոլենսկիին` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

ՏԿՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ փոխվարչապետը հետաքրքիր եւ արդյունավետ է համարել համատեղ աշխատանքը` ընդգծելով նաեւ դեսպանի անձնական ներդրումը երկկողմ համագործակցության ամրապնդման գործում եւ հաջողություն մաղթեց նրան հետագա գործունեության մեջ: Նա բարձր է գնահատել Շվեյցարիայի կառավարության աջակցությունը համայնքների եւ տարածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման հարցում` մասնավորապես հետաքրքիր համարելով սոցիալական բնակարանաշինության, զբոսաշրջային զարգացմանն ուղղված ծրագրերը եւ կարեւորելով, որ ընդհանուր համագործակցության մեջ համայնքները չեն անտեսվել:

Դեսպանն իր հերթին փոխգործակցությունը հաջողված է համարել եւ վստահություն հայտնել, որ իրականացվող ծրագրերը կշարունակվեն: Նա նշեց, որ Հայաստանում հետաքրքիր տարիներ է անցկացրել եւ հեռանում է լավագույն տպավորություններով:

Դեսպանի խնդրանքով փոխվարչապետը տեղեկություններ է ներկայացրել առաջիկա տարիներին տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման ոլորտներում նախատեսվող բարեփոխումների մասին: