Եվրասիական տնտեսական ընկերակցության ներկա գործունեությունն արդեն հիմա թույլ է տալիս բարձրացնել տնտեսության արդյունավետությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ռուսաստանցի քաղաքագետ Անդրեյ Արեշեւը:

Հարցին, թե 2015-ին ո՞ր երկրները կներառվեն Եվրասիական տնտեսական միության մեջ, նա պատասխանեց, որ այսօր այդ մասին բավական բարդ է խոսել: «Ամեն ինչ կախված է այս կամ այն երկրի հետ կայանալիք կոնկրետ բանակցություններից: Որքանով հաղորդվել է, Եվրասիական տնտեսական միությանը միանալու համապատասխան հայտ է ներկայացրել Ղրղըզստանը, խորհրդակցություններ են ընթանում Ուկրաինայի հետ»,-ասաց Արեշեւը՝ ընդգծելով, որ եվրասիական ինտեգրման առանձին ասպեկտների կարող են միանալ նաեւ Հայաստանը, Թուրքմենստանը եւ այլ երկրներ: «Ինչպես հայտնի է, խոսքը տնտեսության մասին է եւ ոչ մի բան ավելի: Խոսքը քաղաքական ինքնիշխանության կորստի մասին չէ: Եվրասիական տնտեսական միության նախագիծն ընդգծում է նրա բացառիկ տնտեսական բնույթը»,-ամփոփեց քաղաքագետը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովի հայտարարության համաձայն՝ Ղազախստանի մայրաքաղաքում նախագահների հանդիպման արդյունքում, 2015-ի հունվարի 1-ից ԵվրԱզԷս-ը դադարեցնում է իր գոյությունը եւ նրա բոլոր կառույցները փոխանցվում են Եվրասիական միությանը (որը պետք է ստեղծվի ժամանակի ընթացքում):