Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել եվրոպական կառույցներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն աջակցելու համար: Այս մասին նա հայտարարել է այսօր՝ մայիսի 31-ին, Երեւանում ընթացող ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի եւ բյուրոյի նիստի ժամանակ:
Նա հիշեցրել է, որ ԼՂ հակամարտությունը պաշտոնապես չի քննարկվում ոչ Եվրոպայի խորհրդում, ոչ ԵԽ Նախարարների կոմիտեում: «Այդ կառույցները մանդատ չունեն, բայց մենք շնորհակալ ենք ԼՂ խնդրի կարգավորման որոնումներում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության նկատմամբ նրանց եւ այլ միջազգային կառույցների հետաքրքրության համար: Այդ ձեւաչափը շատ կարեւոր եւ արդյունավետ է»,-ասել է Նալբանդյանը: Նա հիշեցրել է, որ ԼՂ խնդրի կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների եւ ԱԳ նախարարների խորհրդի մակարդակով ընդունվել են մի քանի հռչակագրեր: «Աշխարհում չկա որեւէ այլ հակամարտություն, որը բարձրացած լինի նման բարձր մակարդակի»,-ասել է նա:
Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը ողջունում է վերը նշված բոլոր հայտարարությունները եւ պատրաստ է այդ հիմքով մասնակցել հակամարտության կարգավորմանը: Հայաստանի ԱԳ նախարարը նկատել է, որ հայկական կողմը երբեք չի պահանջել միջազգային հանրությունից աջակցել բացառապես իր դիրքորոշմանը: «Մենք ակնկալում ենք միջազգային հանրության աջակցությունը, որն արտացոլված է այդ հայտարարություններում: Նման իրական աջակցությունը կօգնի խաղաղ կարգավորում գտնել: Հայկական կողմը նմանատիպ մոտեցում է սպասում նաեւ Ադրբեջանից»,- ընդգծել է Նալբանդյանը:
Հարցին, թե փոխզիջման ինչ աստիճանի է պատրաստ գնալ Հայաստանը, նախարարը պատասխանել է, որ Երեւանի դիրքորոշումն ամբողջությամբ համահունչ է միջազգային հանրության դիրքորոշմանը: Միաժամանակ նա քննադատել է ադրբեջանական կողմի դիրքորոշումը, նշելով, որ Ադրբեջանը վկայակոչում է համանախագահների 2009-ի նորացված առաջարկները. «Ստացվում է, որ բոլոր հետագա փաստաթղթերը արդիական չե՞ն»,-հարց է ուղղել նա:
Նալբանդյանն արձանագրել է, որ Ադրբեջանը համաձայնելով որեւէ փաստաթղթի, միաժամանակ 10 պայմաններ է առաջ քաշում:
Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























