Երեւանում ընթացող ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի եւ Բյուրոյի նիստերում ստորագրվելու է հռչակագիր ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ:

«Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման որոնումը բխում է այն պարտավորություններից, որ ստանձնել են Հայաստանն ու Ադրբեջանը Եվրոպայի Խորհրդին անդամակցելիս: Այդ համատեքստում ԵԽԽՎ-ն լիակատար աջակցություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում` «Մադրիդյան սկզբունքների» հիման վրա ընթացող բանակցություններին, որոնք նոր հիմք են ստեղծում ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար:

Վեհաժողովը կոչ է անում Հայաստանին եւ Ադրբեջանին օգտվել Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում իրենց նախագահության շանսից (ներկայումս նախագահում է Հայաստանը, ապա հաջորդելու է Ադրբեջանը)` ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում հակամարտության կարգավորման առաջընթացի եւ ինտենսիվացման համար: Դա պետք է լինի գերակայություն Հայաստանի նախագահության, ապա Ադրբեջանի նախագահության փուլերում:

Իր հերթին ԵԽԽՎ-ն խորհրդարանական դիվանագիտության միջոցով պատրաստ է անել ամեն ինչ իր լիազորությունների շրջանակում երկխոսության թեթեւացման եւ երկու երկրների խորհրդարանների միջեւ վստահության մթնոլորտի ստեղծման համար»,- ասվում է հռչակագրի նախագծում:

Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am