Կարճաժամկետ այցով Բրյուսելում գտնվող ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Եվրախորհրդարանի պատգամավորների հետ՝ այդ թվում Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար, Եվրախորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի անդամ, Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության բյուրոյի անդամ Էլենի Թեոխարոսի հետ եւ Կանաչներ-Եվրոպայի ազատական միության խմբի փոխնախագահ Միշել Ռիվազիի հետ:

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպումների ժամանակ տեղի է ունեցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ տեսակետների փոխանակում: Քննարկվել են նաեւ եվրախորհրդարանականների խմբի՝ վերջերս Արցախ կատարած այցի արդյունքները:

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը հետաքրքրվածություն է արտահայտել նման կապերի շարունակման եւ խորացման մեջ:

Այցի շրջանակներում Կարեն Միրզոյանը հանդիպումներ է ունեցել նաեւ բրյուսելյան ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների ու Բելգիայի հայկական համայնքի ղեկավարների հետ: