Թուրքիայի վարչապետ, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր կուսակցության գլխավոր խորհրդի նիստում հրահանգել է ՆԳ նախարարին 24 ժամվա ընթացքում վերջ դնել «Գեզի» այգու գործին։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետն իր ղեկավարած կուսակցության գլխավոր խրհրդի նիստից հետո հանդիպել է Թուրքիայի առեւտրականների եւ արհեստավորների կոնֆեդերացիայի պատվիրակության հետ, որի ժամանակ հայտարարել է, թե արդեն հրահանգել է ներքին գործերի նախարարին, որ «Գեզի» այգու գործն ավարտվի 24 ժամվա ընթացքում։
Նշենք, որ Ստամբուլի Թաքսիմ հրապարակի հարեւանությամբ գտնվող «Գեզի» այգու տարածքում 1551-ից մինչեւ 1939-ը եղել է հայկական գերեզմանատուն, որի վրա կառուցվել է հյուրանոց եւ այգի։
Հիշեցնենք, որ Ստամբուլի քաղաքային իշխանությունները որոշել են «Գեզի» այգու ծառերի մի մասը կտրել՝ այգու այդ հատվածում շինություն կառուցելու համար, ինչին դեմ են հանդես եկել մի շարք արվեստագետներ, պատգամավորներ եւ հասարակական գործիչներ։ Այդուհանդերձ, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե որոշումն ընդունված է եւ այգին քանդվելու է։
Մայիսի 31-ի առավոտյան ոստիկանությունը դաժան մեթոդներով ցրել է այգում հերթապահություն անող քաղաքացիներին: Սա մեծ իրարանցում է առաջացրել ոչ միայն Ստամբուլում, այլ ամբողջ Թուրքիայում` առիթ դառնալով լայնամասշտաբ բախումների:



























