«Բաց կառավարման գործընկերություն» միջազգային նախաձեռնության շրջանակներում Հայաստանը ստանձնել է գործողությունների ծրագիր, որի արդյունքները կարող են նպաստել, որպեսզի Հայաստանը կրկին կարողանա համապատասխանել ԱՄՆ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին։ Այդ մասին այսօր` հունիսի 14-ին ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը` ելույթ ունենալով Երեւանում անցկացվող «Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» միջազգային համաժողովի ընթացքում:
Լրագրողների հետ ճեպազրույցում ԱՄՆ դեսպանն ասաց, որ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան աջակցություն ստացող երկրներին ընտրելու համար հիմք է ընդունում 13 ցուցանիշներ, սակայն դրանցից հատկապես կարեւորում է երկուսը, որոնցից մեկն էլ հակակոռուպցիոն աշխատանքներն են: Դեսպանն ասաց, որ Հայաստանը դեռ չի հասել անհրաժեշտ շեմին, սակայն համաձայնեց ՀՀ փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանի այն գնահատականին, որ դրան շատ մոտ է: «Անհրաժեշտ է, որ Հայաստանն այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնի, որը կարեւոր է Հայաստանի համար, եւ կարեւոր է այն առումով, որ Հայաստանը բավարարի Հազարամյակի կորպորացիայի կողմից դիտարկվող ցուցանիշին»,- ասաց ԱՄՆ դեսպանը: Նա հավելեց, որ «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում իրականացվող քայլերը էապես կարող են նպաստել Հայաստանի ցուցանիշների բարելավմանը, քանի որ ուղղված են թափանցիկության եւ հրապարակայնության ընդլայնմանը:
ԱՄՆ դեսպանը «տպավորիչ» անվանեց Հայաստանի հանձնառություններն այս ծրագրում, ասելով, որ ծրագիրը 26 մասից է բաղկացած: Դեսպանի տեղեկացմամբ` ՀՀ կառավարությունն ընդունել է «Բաց կառավարման գործընկերություն» ծրագիրը, իսկ վարչապետն ու փոխարտգործնախարարն ընդունել են, որ անելիքներ շատ կան:
Նշենք, որ ամերիկյան կառավարության «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի հայաստանյան ծրագիրը սկսվել է 2006 թ., ավարտվել 2011 թ. սեպտեմբերի 29-ին: Ընդհանուր առմամբ իրականացվել է 177 մլն դոլարի աշխատանք:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























