Եգիպտոսի դատարանը մահմեդական հոգեւորական Ահմեդ Մոհամեդ Մահմուդին, ով հայտնի է նաեւ Աբու Իսլամ անունով, դատապարտել է 11 տարվա ազատազրկման՝ Աստվածաշունչ այրելու համար: Տղամարդուն մեղավոր են ճանաչել սրբապղծության մեջ:

Նրա որդին նմանատիպ հանցագործության համար դատապարտվել է 8 տարվա ազատազրկման: Ներկայումս նրանք երկուսն էլ ազատության մեջ են, քանի որ սպասում են իրենց վերաքննիչ բողոքի պատասխանին:

Ահմեդ Մոհամեդ Մահմուդը Աստվածաշունչն այրել է ԱՄՆ դեսպանատան պատերի մոտ, 2012-ի սեպտեմբերին՝ այդկերպ իր բողոքը հայտնելով իսլամը վիրավորելու դեմ: Հոգեւորականը, որը սեփական կրոնական հեռուստաալիքն ունի, ղեկավարել է հակաամերիկյան ցույցները Եգիպտոսում, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Հիշեցնենք, որ Եգիպտոսում եւ մի շարք այլ երկրներում բողոքի ակցիաների ալիք էր սկսվել «Մահմեդականների անմեղությունը» ամերիկյան ֆիլմի դեմ, որտեղ ծաղրի են ենթարկվում Մուհամեդ մարգարեն եւ նրա հետեւորդները: Որոշ երկրներում, այդ թվում Եգիպտոսում, այդ ֆիլմի պատճառով փակվել էր YouTube-ի հասանելիությունը: