Չեխիայի վարչապետ Պետր Նեչասը պաշտոնապես հայտարարել է կառավարության հրաժարականի մասին: Պատճառը աղմկահարույց կոռուպցիոն սկանդալն էր, միանգամից ձերբակալվել էին բարձրաստիճան յոթ պաշտոնյաներ` բյուջեի փողերը յուրացնելու եւ լիազորությունները չարաշահելու կասկածանքով: Սակայն տեղի լրատվամիջոցներն այդ գործն արդեն բնութագրել են որպես «օճառային օպերա»:
Վարչապետի պաշտոնից բացի, Նեչասը կթողնի նաեւ Քաղաքացիական դեմոկրատական կուսակցության ղեկավարի պաշտոնը:
48-ամյա խոստումնալից քաղաքական գործչին խորտակեց իր աշխատակազմի քարտուղար Յանա Նագիեւայի հետ սիրային կապը, գրում է vesti.ru-ն: Յանան հետեւում էր Նեչասի օրինական կնոջը` Ռադկային` օգտվելով հետախուզությունում ունեցած անձնական կապերից: Նեչասը սկզբում պնդում էր, որ ոչինչ չի իմացել հետեւելու մասին, սակայն ավելի ուշ խոստովանել էր, որ տեսել է հետեւելու նյութերը, սակայն մտածել է, որ դրանք պապարացիների լուսանկարներն են:
Այդ սիրային արկածի ֆոնին ձերբակալություններով ուղեկցված կոռուպցիոն սկանդալը երկրորդ պլան էր մղվել:




























