Թուրքիան մտադիր է ատոմային վառելիք գնել Ռուսաստանից` իր առաջին ԱԷԿ-ի համար, որը կառուցվելու է Մերսին նահանգում՝ Միջերկրականի ափին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը:
Թուրք նախարարը նկատել է, որ միայն հինգ երկրներ ուրանի հարստացման իրավունք ունեն՝ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանն ու Ֆրանսիան:
«Այդ հինգ երկրներն էլ վառելիք են առաքում այն պետություններին, որոնք ցանկանում են ատոմակայաններ կառուցել»,- ասել է նա՝ հավելելով, որ ատոմային ոլորտում աշխատանքներին վերաբերող հարցերը գտնվում են ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության տակ:
Յըլդըզի խոսքով, Թուրքիան դեռ չի սկսել բանակցությունները ռուսական կողմի հետ, բայց դրանք սկսվելու են երկկողմ համաձայնագրի մշակումից հետո:
Թուրքիայում ԱԷԿ-ի կառուցման մասին հարցը քննարկվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ռուսաստան կատարած այցից հետո: Այդ ժամանակ կայանի կառուցման մասին ռուս-թուրքական հուշագիր էր ստորագրվել:



























