«Վրաստանի Հայ Համայնք»-ի Պատանեկան Միության (ՎՀՀ ՊՄ) շուրջ 50 մասնակից հուլիսի 20-ին ուղեւորվել են Հայաստան, որտեղ անցկացվելու է «Պատանեկան Միության» հնգօրյա ճամբար: Ճամբարը լինելու է 5 օր, այն անցկացվելու է մինչեւ հուլիսի 24-ը:
Ճամբարի ընթացքում ծրագրված են բազմաթիվ ժամանցային եւ կրթական միջոցառումներ: Երեխաները 5 օրվա ընթացքում կայցելեն Հայաստանի Հանրապետության կարեւորագույն պատմամշակութային վայրեր (Գառնի, Գեղարդ, Էջմիածնի Մայր տաճար եւ թանգարան, Տաթեւի վանք, Սարդարապատ, Սեւանի լիճ եւ այլն): Ծրագրված է նաեւ ճամբարի մասնակիցների եւ Հայաստանում գործող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշակերտների միջեւ համատեղ միջոցառումների անցկացում:
Նշենք, որ «Համայնքի Պատանեկան Միությունն այսօր միավորում է 150-ից ավելի հայ պատանու: Երեխաների մեծամասնությունը 14-16 տարեկան է:
2012-13թթ. «Պատանեկան Միության» անդամները կազմակերպել էին բազմաթիվ միջոցառումներ – արշավներ, էքսկուրսիաներ, թեմատիկ քննարկումներ, սպորտային եւ ինտելեկտուալ մրցույթներ եւ այլն: Բոլոր անցկացված միջոցառումների գլխավոր նպատակներից է Վրաստանում բնակվող հայ երիտասարդների մեջ ազգային միաբանության եւ սեփական մշակույթի նկատմամբ սիրո սերմանումը:





























