Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն նոր որոշում է հրապարակել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Ա1+»-ի գործով կայացրած վճռի կատարման մասին: Հիշեցնենք, որ ըստ այդ վճռի, ՀՀ կառավարությունը պետք է մրցույթ հայտարարեր եւ հնարավորություն տար «Ա1+»-ին եթեր վերադառնալ:
Ըստ այդմ, մարտի 4-ին վերստին քննելով 2008թ-ի հունիսի 17-ին Եվրոպական դատարանի կայացրած վճռի կատարման ընթացքը` ԵԽ նախարարների կոմիտեի ներկայացուցիչները որոշել են` «Ընդունել ի գիտություն այն տեղեկատվությունը, որը ներկայացրել է Հայաստանի կառավարությունը` հաստատելով 2010 թվականի հուլիսին մրցույթի կայացումը, որին հնարավորություն կունենա մասնակցել դիմումատուն»:
Այս համատեքստում որոշման մեջ վերստին հիշեցվել են այն երաշխավորություններն ու հայտարարությունները, որոնք ԵԽ նախարարների կոմիտեն ընդունել է խոսքի ազատության, լրատվամիջոցների բազմակարծության ու բազմազանության վերաբերյալ:
Նշենք, որ Հայաստանում կապուղիների մրցույթները դադարեցվել էին 2 տարով` հեռուստաեթերի թվայնացման պատճառաբանությամբ: Այդ երկու տարին լրանում է այս տարվա հուլիսին, որից հետո կրկին պետք է կապուղիների մրցույթներ անցկացվեն, այդ թվում նաեւ բոլոր այն կապուղիների համար, որոնցով հեռարզակվող հեռուստաընկերությունների լիցենզիաների ժամկետն ավարտվել է:



























