Արդեն երկրորդ օրն է, ինչ հայտնի դերասան Հայկ Մարությանը («Կարգին Հայկոն») միացել է «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիային եւ իր մեքենայով մարդկանց է տեղափոխում:

Հայկ Մարությանն այսօր «գիծ» է դուրս եկել ժամը 13.00-ին: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ իր երթուղին սկսվում է Մաշտոցի պողոտայում գտնվող Փակ շուկայի մոտից, որտեղից հավաքելով ուղեւորներին, շարժվում են համապատասխան ուղղությամբ, օրինակ` այսօր տարբեր երթուղիներով է վարել` Կենտրոն-Նոր Նորք, Կենտրոն-Ջրվեժ, Կենտրոն-Զեյթուն եւ այլն:

Հայկ Մարությանի մեքենայով երթեւեկողները մի քանի առավելություններ ունեն: Նախ, մեքենան վարում է սիրված եւ հաճելի դերասանը, ոչ թե «մունաթ վարորդը», մարդկանց կանգնած չեն տեղափոխում, թուրք-ադրբեջանական մուղամներ չեն հնչում: Հայկոյի մեքենայում հնչում է լավ երաժշտություն, եւ եթե ուղեւորները ցանկանում են, ապա վարորդը միացնում է նաեւ օդորակիչը:

Դերասանը պատմեց, որ մարդիկ շատ լավ են արձագանքում ակցիային, ուրախանում են, հիշում 1988թ, երբ ժողովուրդը միասնական էր: «Տատիկների մայրական համբույրները շատ ուժ են տալիս, բոլորը օրհնում են, նվերներ են տալիս, շատ դրական էմոցիաներ են: Երեկ մի քիչ անփորձ էի, արդեն լավ չէի զգում, երկար ժամանակ հաց չէի կերել, իսկ այսօր ջուր եմ վերցրել հետս, կինս ուտելիք է սարքել եւ դրել, լրիվ պատրաստ եմ»,- ասաց դերասանը:

Երթուղայինների վարորդների կողմից «հաճախորդ փախցնելու համար» դերասանը որեւէ վատ վերաբերմունքի չի արժանացել: Հայկ Մարությանի խոսքով`  վարորդները եւս հասկանում են, որ դա լավ որոշում չէ ժողովրդի համար եւ նրանք եւս գոհ չեն ստեղծված իրավիճակից:  Նա մեծ սպասելիքներ ունի, որ տրանսպորտի ուղեվարձի հարցը կլուծվի եւ մարդիկ կշարունակեն երթեւեկել 100 դրամով: «Ինձ թվում է` հարցը կլուծվի, իշխանությունները նույնպես ուզում են, որ ժողովրդի համար, դա իրենց աշխատանքն է: Եթե ժողովուրդը մասսայաբար չի ընդունում ինչ-որ որոշում, ճիշտ կլինի, որ ինչ-որ լուծում տրվի: Իրոք, մարդկանց համար դժվար է 150 դրամ վճարելը, երբ նստում են, զրուցում են, հասկանում ես դա»,- ասաց դերասանը:

Անդրադառնալով իր եւ դերասան Մկրտիչ Արզումանյանի` «Կարգին Մկոյի» «վատ» հարաբերությունների մասին տարածված տեղեկություններին` նա նշեց, որ որեւէ խնդիր չկա եւ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները իրականության հետ որեւէ կապ չունեն:  «Ծիծաղելի է, կարող ենք այդ լուրը գրողին կանչել մեր մոտ սցենարիստ: Ոչ մի գրածը չի համապատասխանում իրականությանը»,- ասաց դերասանը` հավելելով, որ որեւէ խնդիր չկա «Արմենիա» հեռուստաընկերության հետ, նոր եթերաշրջանում երկու հաղորդմամբ են հանդես գալու:  Հայկ Մարությանը նշեց, որ ինքը եւ Մկոն շատ լավ, ջերմ ընկերներ են, վերջինս չի միացել ակցիային, քանի որ ֆիլմի նկարահանումների է եւ քաղաքում չէ:

Ինչ վերաբերում է նրա հասցեին հնչեցվող մեղադրանքներին, թե ինչու է հենց հիմա միացել ժողովրդին, որտեղ էր դերասանը մինչեւ հիմա եւ այլն, ապա Հայկ Մարությանը շեշտեց, որ եթե մի քիչ հետեւեն իր գործունեությանը, կտեսնեն, որ յուրաքանչյուր հարց, որը հուզում է ժողովրդին, հուզում է նաեւ իրեն եւ բնականաբար ինքը պետք է իր կարծիք հայտնի: «Ես քաղաքականությամբ երբեք չեմ զբաղվել, իսկ քաղաքացիական ակտիվությունը միշտ եղել է: Սա ոչ թե քաղաքականություն է, այլ քաղաքացիական ակտիվություն, որը յուրաքանչյուրի մոտ պետք է լինի»,- ասաց դերասանը:

Թե ինչքան Կարգին Հայկոն «գծի» մեջ կլինի, կոնկրետ ժամկետ չասաց, բայց դերասանը շեշտեց, որ ինչքան կարողանա, կմասնակցի, «ինչքան ազատ լինեմ, կանեմ», մյուս կողմից էլ` այս ակցիան մշտական պետք է լինի: Նա կոչ է անում միայնակ երթեւեկող վարորդներին առավոտյան աշխատանքի գնալիս կանգնել կանգառներում, ասել ուղղությունը եւ մարդկանց տանել, դրա համար ոչինչ չի պահանջվում:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ից  քաղաքացիները Երեւանում տրոլեյբուսով երթեւեկելու համար պետք է վճարեն 100 դրամ՝ նախկինի  50-ի փոխարեն, իսկ ավտոբուսներով կամ միկրոավտոբուսներով  երթեւեկելու համար 150 դրամ՝ նախկինի 100-ի փոխարեն: Քաղաքապետարանի այս որոշումը առաջացրել է ընդվզում, սոցիալական ցանցերում ձեւավորված մի շարք խմբեր, նախաձեռնություններ բողոքի ակցիաներ են անցկացրել Երեւանի քաղաքապետարանի մոտ, այնուհետեւ մայրաքաղաքի փողոցներում թռուցիկներ են բաժանել «Չեմ վճարել 150 դրամ» գրությամբ:

Նշենք նաեւ, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մարտին քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, թե երեւանցիները կարող են հանգիստ լինել, տրանսպորտի ուղեվարձը չի թանկանալու: