Պրոբացիայի ինստիտուտի ներդրումը օրենսդրական փոփոխություններ է ենթադրում: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ի երեւանյան բյուրոյի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը` NEWS.am-ին տված հարցազրույցում` պատասխանելով այն հարցին, թե ինչ ակնկալիքներ ունեն պրոբացիայի ներդրումից:
«Փոփոխությունները ուղղված են այլընտրանքային պատիժ եւ միջոցներ կիրառելուն, վերականգնողական եւ վերաինտեգրացիոն աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելուն, հասարակության անվտանգությունն ապահովելուն»,-ընդգծել է ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարը: Անդրեյ Սորոկինի խոսքով` այն կանդրադառնա նաեւ կարեւորագույն խնդիրներից մեկի լուծման վրա` որոշ ՔԿՀ-ին գերբնակեցվածության, քանի որ պրոբացիայի ծառայությունը կարեւոր դեր է խաղալու վաղաժամ-պայմանական ազատման գործում, ինչպես նաեւ քրեկան-ընթացակարգային համակարգի այլ փուլերում, այդ թվում` իրավախախտ անչափահասների հետ աշխատանքներում:
Ինչպես ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարն է նշել, Արդարադատության նախարարության կազմում պրոբացիայի ծառայության ստեղծումը նախատեսված է դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ծրագրով եւ կիրականացվի 2014-ի սկբին: «2012-ից ի վեր` մեր բյուրոն ՀԿ-ների հետ միասին արդեն իրականացրել է մի քանի նախագիծ, որոնք ուղղված են ծառայության ստեղծմանը: Գործընթացը կպահանջի մեծաքանակ աշխատակիցների ուսումնառություն եւ որակավորման բարձրացում: Հենց այդ հարցում էլ ծրագրում ենք աջակցություն ցուցաբերել»,-հայտարարել է Անդրեյ Սորոկինը:





























