Սփյուռքի նախարարությունում, այսօր՝ օգոստոսի 5-ին, կայացել  «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում է 120 պատանի աշխարհի 15 երկրից:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով մասնակիցներին եւ հյուրընկալ ընտանիքներին՝ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահե Ջիլավյանը նշել է, որ «Արի տուն» ծրագրի մասնակիցների թիվը տարեցտարի ավելանում է եւ սա է ծրագրի լավագույն գնահատականը:

ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆ. Զաքարյանը, մասնակիցներին փոխանցելով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը, հույս է հայտնել, որ ծրագրի մասնակիցները երբեւէ կվերադառնան Հայաստան:

Համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը, ավանդույթի համաձայն, մասնակիցներից ամենակրտսերին` Լիբանանից Ակասիա Մարիա Ազատյանին հագցրել է «Արի տուն» ծրագրի տարբերանշանով վերնաշապիկը եւ գլխարկը:

Շնորհակալական խոսքով հանդես է եկել Մոսկվայում ՀՀ դեսպանությանը կից հայկական կիրակնօրյա «Վերածնունդ» դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի Իրինա Տարոնացին, ով Հայրենիք է բերել դպրոցի  սաներից բաղկացած մի խումբ:

Գերմանիայից ժամանած Արփի Գույումճյանի մայրիկն առաջարկել է արիտունցիներին եւս մասնակից դարձել Հայրենիքում մաքրման, ծառապատման աշխատանքներին:

Մասնակիցներին ողջունել են 2-րդ տարին անընդմեջ հյուրընկալ ընտանիքի ներկայացուցիչ  Շենգավիթ համայնքից՝ Վիկտորիա Մարտիրոսյանը եւ  6-րդ փուլում 3 սփյուռքահայ պատանի հյուրընկալած Երեւանի Խ. Աբովյանի անվան թիվ 2 դպրոցի տնօրեն Իռեն Հակոբյանը:

Միջոցառման ավարտին երաժշտական համարներով հանդես են եկել Լիբանանից, Իտալիայից եւ Թբիլիսիից ժամանած մասնակիցները: