Հայաստանի ԱԻ նախարարությունում այսօր՝ օգոստոսի 5-ին տեղի է ունեցել ամենշաբաթյա խորհրդակցություն, որը վարում էր նախարար Արմեն Երիցյանը։

Առաջին անգամ խորհրդակցությանն առցանց (օն-լայն) մասնակցում էին նաեւ ԱԻՆ Արմավիրի եւ Կոտայքի մարզային ստորաբաժանումների ղեկավարները։

Խորհրդակցության ընթացքում ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված արտակարգ դեպքերի ու ձեռնարկված միջոցառումների մասին։ ՓԾ տնօրենը նշեց նաեւ, որ հանրապետության տարբեր մարզերում եւ մայրաքաղաքում անցկացվել են տարաբնույթ ուսումնավարժություններ։

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան շարունակում է Լուսակերտի ուսումնական կենտրոնի կառուցապատման աշխատանքները։ Այնտեղ կառուցվում են երկաթուղային, ճանապարհատրանսպորտային եւ օդային վթարների նմանակման վարժահրապարակներ` գործնական պարապմունքների համար։ Հարմարություններ կստեղծվեն նաեւ ԱԻՆ օդադեսանտային փրկարարական ջոկատի մարզումների համար։

Հակակարկտային ծառայությունը («ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ)` փոխնախարար Դ. Կարապետյանի հետ համատեղ բանակցություններ է վարում արտերկրից նոր ռադիոտեղորոշիչ կայաններ ձեռք բերելու ուղղությամբ։

Խորհրդակցության ընթացքում ԱԻ նախարարին զեկուցեցին նաեւ, որ քաղաքացիական պաշտպանության պահանջներին համապատասխան ազդարարումն ապահովելու համար ընտրվել է տարբեր նշանակության 8 փորձնական օբյեկտ Երեւանում եւ մարզերում։ Նախատեսված է տեղերում առկա տարբեր ազդարարման համակարգերը կիրառել քաղպաշտպանական նպատակների համար` դրանք միացնելով համապատասխան համակարգերի։