Ավստրալական կառավարությունն առաջարկել է ծխախոտ օգտագործողների համար հատուկ սմարթ-քարտեր ներդնել, որոնց օգնությամբ հնարավոր կլինի սիգարետ գնել: Առանց այդ քարտի առկայության սիգարետ գնելն անհնար կլինի:

Նախաձեռնության հեղինակը Դեւիդ Քարոուն է՝ Նոր Հարավային Ուելս նահանգի քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի կենտրոնի գործադիր տնօրենը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Քարոուն առաջարկել է հետեւել յուրաքանչյուր տուփի վաճառքին էլեկտրոնային քարտերի օգնությամբ: Այդ նորամուծությունը թույլ կտա կոշտ պայմաններ մտցնել ծխողների համար եւ խորապես վերլուծել ծխելու խնդիրը:

Նշենք, որ Ավստրալիայում խիստ պայքար է ընթանում ծխախոտի դեմ: Անցած տարվա դեկտեմբերից օրենք է գործում, ըստ որի՝ ողջ ծխախոտը վաճառվում է միանման տուփերով՝ առանց արտադրողի անունը նշելու: Դրա փոխարեն տպված են պատկերներ, որոնք պատկերավոր ներկայացնում են ծխելու վնասները: Մեկ տուփն արժե միջինը 16 դոլար: