Նստացույցի մասնակիցներից Սուրեն Սահակյանը, ում առողջական վիճակը երեկ վատացել է, հնարավոր է չշարունակի նստացույցը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նստացույցի մասնակիցներից Գոռ Առաքելյանը: Նա նշեց, որ այդ հանգամանքը իր եւ Վահագն Մինասյանի հետ կապված խոչընդոտ չի կարող հանգստանալ: Իսկ ինչ վերաբերում է իրենց առողջական վիճակին, Առաքելյանն ասաց. «Դեռ նորմալ է: Դիմադրում ենք»:
Նա նշեց, որ Սուրեն Սահակյանը երեկ արդեն ամբողջ օրվա ընթացքում իրեն թույլ է զգացել: Նա փորձել է դիմադրել, բայց երեկոյան արդեն ջերմել է: «Երբ տեսանք, որ վիճակը իսկապես վատ է, զանգ տվեցինք շտապօգնություն եւ տարան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց: Գիշերը մնացել է այնտեղ: Դեղեր են ներարկել եւ փորձել են հասկանալ, թե խնդիրը ինչումն է: Որքանով հասկացանք, ըստ բժիշկների, խնդիրը արեւահարումն է եղել: Սակայն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում նրան պատշաճ բուժօգնություն չէին ցուցաբերել: Ասել էին՝ կամ դուրս ենք գրում, կամ պետք է անցնի վճարովի թերապիա: Հաշվի առնելով Սուրենի ստատուսը եւ այն փաստը, որ նա շտապօգնության միջոցով է տեղափոխվել հիվանդանոց, ինձ համար անհասկանալի է բուժաշխատողների դրսեւորած վարքը»,-կարծիք հայտնեց Գոռ Առաքելյանը: Նա տեղեկացրեց, որ Սուրենը հրաժարվել է այդ բուժհիմնարկի ծառայություններից, եւ առաջիկայում կորոշի, թե որ հիվանդանոցում կշարունակի բուժումը:
Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Սուրեն Սահակյանն այցելել է նստացույցի մասնակիցներին, սակայն առողջական վիճակը թույլ չի տվել երկար մնալ:
Ի դեպ, նստացուցի մասնակիցները նաեւ նշեցին, որ փորձել են իրենց ձեռքի հովանոցները ամրացնել նստարաններին, քանի որ ձեռքները հոգնում են: Ոստիկանները փորձել են խոչընդոտել, սակայն նրանց հաջողվել է հովանոցները տեղադրել նստարաններին:
Հիշեցնենք, որ արդեն 11-րդ օրն է, ինչ «Չենք վճարելու 150 դրամ» նախաձեռնության ակտիվիստները քաղաքապետարանի առջեւ նստացույց են կազմակերպել եւ ի թիվս այլոց, որպես առաջնային խնդիր նշվում է տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին եւ «Երեւանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանին պաշտոնանկ անելու պահանջը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























