Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է անչափահասներին շահագործման ենթարկելու, անչափահասին հանցագործություն կատարելու մեջ ներգրավելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:

Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, թե մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Ա. Գիվարգիզովը 2013թ. հունվար ամսին հավաքագրել է ծնողական հսկողությունից դուրս մնացած անչափահասների եւ, օգտագործելով նրանց վիճակի խոցելիությունը, հետագայում նրանց բարեկեցիկ կյանքով ապահովելու, նյութական վիճակը բարելավելու եւ այլ կեղծ խոստումներով դրդել զբաղվել մուրացկանությամբ։ Նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Գիվարգիզովը շահագործել է երեք անչափահասի՝ ստանալով եւ տնօրինելով Երեւանի տարբեր փողոցներում վերջիններիս կողմից մուրացկանությամբ վաստակած գումարները:

Քննությամբ նաեւ պարզվել է, որ Ա. Գիվարգիզովը կազմակերպել է ուրիշի զգալի չափերով գույքի գողություն` ավտոտեխսպասարկման կետից եւ այդ հանցանքի կատարմանը ներգրավել ծնողական հսկողությունից դուրս մնացած անչափահասներին: Ըստ այդմ՝ «Գոլդուեյ» ՍՊԸ-ին պատկանող՝ ավտոմեքենայի բեռնախցից անչափահասներից մեկը՝ Ա.Հովհաննիսյանը գաղտնի հափշտակել է գազի գլանանոթը՝ ընկերությանը պատճառելով 120.000 ՀՀ դրամի գույքային վնաս։ Օրեր անց Ա.Հովհաննիսյանը վաճառել է գազի գլանանոթը 30.000 ՀՀ դրամով, որով մարել է տաքսու վճարը, իսկ մնացածը տվել Արման Գիվարգիզովին:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում իրականացված քննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Գիվարգիզովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132.2–րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 165-րդ հոդվածի 1-ին մասով եւ 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, Ա. Հովհաննիսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։