Հանրապետությունում 2013թ. արձանագրվել է սնկերի օգտագործման հետեւանքով թունավորման 6 դեպք` 8 տուժածով: Թունավորումներն արձանագրվել են` Կոտայքի, Լոռու, Արարատի մարզերում` թունավորվածների կողմից հավաքված սնկերի սննդում օգտագործման պատճառով:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, թե թունավորման նախնական ախտանիշներն են` սրտխառնոցը, փսխումը, գլխապտույտը, աղեստամոքսային տրակտի խանգարումները: Դրանց ի հայտ գալուն պես անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի:

Թունավորումից խուսափելու  նպատակով խորհուրդ է տրվում.

• Չհավաքել կամ չգնել եւ սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր:

• Սունկ գնել միայն շուկայից եւ խանութներից` իրավասու մարմնի կողմից տրված  փաստաթղթի առկայության դեպքում:

• Երեխաներին եւ հղի կանանց խորհուրդ չի տրվում սննդում օգտագործել սունկ:

• Ցանկալի չէ սնկերի օգտագործումը ալկոհոլի հետ, քանի որ դրանք անհամատեղելի են եւ կարող են բերել թունավորման: