ՊՆ մարտական նույն հենակետում հակառակորդի կողմից իրականացված երկու միջադեպերի առնչությամբ հարուցվել  են քրեական գործեր:

ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Հայաստանի ՊՆ մարտական հենակետերից մեկում, օգոստոսի 3-ին, ժամը 13:10-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակած կրակոցից ձախ բազկային հրազենային միջանցիկ վիրավորում է ստացել  N զորամասի պայմանագրային զինծառայողներից մեկը:

Անհապաղ բուժօգնություն ցույց տալու նպատակով մարտական հենակետ է մեկնել շտապ օգնության անձնակազմ, որի ուղղությամբ հակառակորդի մարտական հենակետից արձակվել են կրակոցներ, որոնք դիպել են շտապ օգնության ավտոմեքենայի թափքին:

Օգոստոսի 5-ին, ժամը 23:00-ի սահմաններում նույն մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակած կրակոցից՝ ձախ ազդրի շրջանում հրազենային մարմնական վնասվածք է ստացել զորամասի մեկ այլ զինծառայող, որին վտանգավոր գոտուց տեղափոխելու ընթացքում հակառակորդի մարտական հենակետից կրակ է արձակվել զորամասի մարդատար ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի արդյունքում զինծառայողը ստացել է աջ դաստակի հատվածում երկրորդ վիրավորումը:

Նշված երկու դեպքերով էլ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 34-104 հոդ. 2-րդ մասի 1-ին և 13-րդ կետերով (սպանության փորձ՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով) հարուցվել են քրեական գործեր, կատարվում է նախաքննություն:

Զինծառայողների վիճակը գնահատվում է կայուն, վերջիններիս կյանքին վտանգ չի սպառնում»: