Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակը, որտեղ գրոհայինները քրդերի զանգվածային սպանություն են կազմակերպել, «Ժնեւ-2» միջազգային կոնֆերանսը հրավիրելն առավել արդիական է դարձնում։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 6-ին, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք բազմիցս ենք այս հարցի շուրջ մեր դիրքորոշումն արտահայտել։ Այն, ինչ այնտեղ կատարվում է, կոնֆերանսի հրավերն առավել արդիական է դարձնում։ Որքան այն ձգձգվի, այնքան խաղաղ բնակչության թվում զոհերը կավելանան»,-ասել է Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Ինչպես փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, Սիրիայի կառավարությունը համաձայնել է իր ներկայացուցիչներին ուղարկել՝ առանց նախապայմանների։ «Սպասում ենք ընդդիմության համապատասխան քայլին»,-հավելել է նա։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը՝ վկայակոչելով թուրքական Bianet.org կայքը, Հալեպի շրջակայքում, Թել Արան եւ Թել Հասիլի շրջաններում գտնվող «Ջեբհաթ ան-Նուսրի» խմբավորման անդամները սպանել են 70 քրդերի, այդ թվում կանանց եւ երեխաների: Ահաբեկիչները գերի են վերցրել եւս 350 քուրդ բնակիչների: