Վանաձորում 15 հազար դոլարով «վաճառքի դրված» երեխան «առեւտրի» օրը գտնվել է Վանաձորի մանկատանը: Նա այնտեղ էր բնակվում սույն թվականի հուլիսի 22-ից: Մանկատուն էր տեղափոխվել ոստիկանության Լոռիի մարզի Տաշիրի բաժնից: Այս մասին NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում ասաց Վանաձորի մանկատան տնօրեն Արշալույս Հարությունյանը:
«Երեխան Վանաձորի մանկատուն է ընդունվել սույն թվականի հուլիսի 22-ին ոստիկանության Տաշիրի բաժնի միջնորդությամբ: Միջնորդություն է տվել նաեւ Լոռիի մարզպետարանը երեխայի ժամանակավոր խնամքը մանկատանը կազմակերպելու վերաբերյալ: Մանկատունը տեղավորել է երեխային եւ իրականացրել խնամք: Արդեն օգոստոսի 2-ին մայրը ներկայացել է մանկատուն եւ խնդրել երեխայի ծննդյան վկայականը: Մենք տվել ենք երեխայի ծննդյան վկայականը եւ արդեն օրվա վերջին իմացա, որ ինքը երեխայից նոտարական վավերացման հրաժարական է ներկայացրել»,-ասաց նա:
Անդրադառնալով ոստիկանության կողմից տարածած օտարերկրյա քաղաքացիներին, որոնք պետք է գնեին երեխային, մանկատան տնօրենն ասաց. «Ինչ մնում է օտարերկրացի քաղաքացիներին, այստեղ՝ մանկատուն, նման մարդիկ չեն եկել, ինձ չեն հանդիպել եւ նմանատիպ խոսակցություններ այստեղ չեն եղել»:
Իրեն բաժին բերման ենթարկելու լուրերը մանկատան տնօրենը չհերքեց. «Այո, ես չեմ հրաժարվում, ինձ հրավիրեցին բաժին, գնացի, ինձնից որպես վկա բացատրություն վերցրեցին, թե երեխան ինչպես է տեղավորվել մանկատանը եւ մենք ինչ գործառույթներ ենք իրականացնում»:
Թղթակցի այն դիտարկմանը, որ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «Վանաձոր քաղաքի համալիրի մոտից` 1973 թ. ծնված Նարեկ Ս.-ին եւ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող հանրախանութի մոտից` 1955 թ. ծնված Արշալույս Հ.-ին, որոնք, համաձայնության գալով օտարերկրյա քաղաքացուհի 1980 թ. ծնված Ալլա Հ.-ի հետ, պայմանավորվել են 15.000 դոլարով վերջինիս վաճառել անչափահաս, 2009 թ. ծնված Ռիմա Ա.-ին», Հարությունյանը հերքեց. «Ես հերքում եմ, նման խոսակցություն չի եղել, նման պայմանավորվածություն չի եղել: Էստեղ ոչ մի արտասահմանցու հետ ես չեմ հանդիպել, բացառվում է, իսկ ինչ մնում է էս կանանց անուններին, ես նրանց բացարձակապես չեմ ճանաչում: Ոստիկանությունից զանգեցին, ասին որտեղ եք գտնվում, ասեցի, եկան միասին գնացինք վարչություն, ես այդ ժամանակ քայլում էի փողոցով, գնում էի վարսավիրանոց` Տիգրան Մեծ փողոցով…. Նման բան լիներ չէր կարող, որովհետեւ էս ամենը բացարձակ կապ չունի մանկատան հետ եւ մանկատունը որեւէ գործառույթ չունի, պարզապես խնամք է իրականացնում երեխայի նկատմամբ»,-ասաց նա:
Արշալույս Հարությունյանը հաստատեց նաեւ, որ Լոռիի մարզպետարանի երեխաների, ընտանիքի կանանց իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանին եւս ինքը տեսել է ոստիկանությունում:
NEWS.am-ի Լոռիի թղթակցի այն հարցին, որ տարիներ մանկատան տնօրենի դեմ քրգործ էր հարուցվել կրկին երեխայի առուծախի հետ կապված, Արշալույս Հարությունյանը դա զրպարտություն անվանեց. «Դա զրպարտություն ա եղել իմ անվան նկատմամբ, որը հերքվել է»:
Հ. Գ. Այս դեպքում հարց է ծագում, ինչպես են երեխային վաճառել, դրա դիմաց գումար առաջարկել, երբ երեխայի մայրը նոտարական վավերացումով հրաժարվել էր աղջկանից, իսկ խնամքը փաստացի հանձնվել է մանկատանը:




























