Մոսկվայում, օգոստոսի 2-ին ձերբակալվել է 59-ամյա ուրրաինացի «օրենքով գող» Սերգեյ Լիսենկոն, որը հանցավոր աշխարհում առավել հայտնի է «Լերա Սումսկի» անունով:
Ձերբակալվածը տեղափոխվել է Շաբոլովկա, որտեղ նրան «համոզել են» հրաժարվել իր ծրագրերից եւ անհապաղ լքել Ռուսաստանի տարածքը:
Պարզվել է, որ «Դեդ Հասանի» կլանի ամենաազդեցիկ ներկայացուցիչը Ուկրաինայից Մոսկվա է ժամանել Դոնեցկի բնակիչ Իգոր Զալետինին (մականունը՝ «Գուս») գող թագադրելու համար:
Ասում են, որ եթե ուկրաինացի ոստիկանները չխառնվեին, երկրում «օրենքով գողերի» թիվը մեկով կավելանար:
Ինչպես եւ սպասվում էր, «Դեդ Հասանի» սպանությունից հետո նրա կողմնակիցների շարքում սրվել է պայքարը սպանված առաջնորդի տեղը զբաղեցնելու համար: Այդ խմբավորումները բաժանվել են ըստ ազգային պատկանելիության՝ եզդիներ՝ Թիմուրի եւ Միրոնի գլխավորությամբ, մենգրելներ՝ Կարդավա եղբայրների գլխավորությամբ, եւ սլավոններ՝ Տյուրիկի գլխավորությամբ: Առայժմ նրանք բարեկամություն են անում ընդհանուր թշնամու՝ վրացի օրենքով գողերի դեմ պայքարում:
Ռուսաստանում հենց «սլավոններն» ունեն հաջողության ամենամեծ շանսերը, հատկապես իշխանության կողմից ստացվող ազդակների ֆոնին:
Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին, ՌԴ պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցությունը,. Որի կազմում ընդգրկված է տիտղոսավոր «սլավոններից» մեկի կինը, հանդես է եկել իրավական մեխանիզմ ստեղծելու նախաձեռնությամբ, որը կխոչընդոտի հարեւան երկրներից քրեական հեղինակությունների դուրս գալուն: Այդ միջոցառումն, առաջին հերթին, ուղղված է բազմաթիվ «օրենքով գողերի» դեմ, որոնք ունեն Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիություն:




























