Երեւանի քաղաքապետարանի դիմաց նստացույցի մասնակիցներից Սուրեն Սահակյանն այսօր կրկին դիմել է հիվանդանոց, քանի որ բարձր ջերմություն ունի: Այս անգամ նա դիմել է Երեւանի թիվ 8 հիվանդանոց: Նա այստեղ մանրամասն հետզոտություն պետք է անցնի::

Հիշեցնենք, որ դեռեւս օգոստոսի 5-ին, Սուրեն Սահակյանը օրվա ընթացքում իրեն թույլ է զգացել: Նա փորձել է դիմադրել, բայց երեկոյան արդեն ջերմել է: «Երբ տեսանք, որ վիճակը  իսկապես վատ է, զանգահարեցինք շտապօգնություն եւ տարան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց: Գիշերը մնացել է այնտեղ: Դեղեր են ներարկել եւ փորձել են հասկանալ, թե խնդիրն ինչումն է: Որքանով հասկացանք, ըստ բժիշկների, խնդիրը արեւահարումն է եղել: Սակայն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում նրան պատշաճ բուժօգնություն չէին ցուցաբերել: Ասել էին՝ կամ դուրս ենք գրում, կամ պետք է անցնի վճարովի թերապիա: Հաշվի առնելով Սուրենի ստատուսը եւ  այն փաստը, որ նա շտապօգնության միջոցով է տեղափոխվել հիվանդանոց, ինձ համար անհասկանալի է բուժաշխատողների դրսեւորած վարքը»,-նշել է նստացույցի մասնակիցներից Գոռ Առաքելյանը: Նրա խոսքով՝ Սուրենը հրաժարվել է այդ բուժհիմնարկի ծառայություններից, եւ առաջիկայում կորոշի, թե որ հիվանդանոցում կշարունակի բուժումը:

Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Սուրեն Սահակյանն այցելել է նստացույցի մասնակիցներին, սակայն առողջական վիճակը թույլ չի տվել երկար մնալ:

Ի դեպ, նստացուցի մասնակիցները նաեւ նշել են, որ փորձել են իրենց ձեռքի հովանոցները ամրացնել նստարաններին, քանի որ ձեռքները հոգնում են: Ոստիկանները փորձել են խոչընդոտել, սակայն նրանց հաջողվել է հովանոցները տեղադրել նստարաններին:

Հիշեցնենք, որ արդեն 12-րդ օրն է, ինչ «Չենք վճարելու 150 դրամ» նախաձեռնության ակտիվիստները քաղաքապետարանի առջեւ նստացույց են կազմակերպել եւ ի թիվս այլոց, որպես առաջնային խնդիր նշվում է տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին եւ «Երեւանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանին պաշտոնանկ անելու պահանջը: