«Ժառանգություն» կուսակցությունը չի պատրաստվում հանրահավաք անցկացնել քաղաքապետարանի՝ հասրակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման որոշման դեմ։ Այս մասին օգոստոսի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայատարարել է «Ժառանգություն» կուսակցության քարտուղար, Երեւանի ավագանու անդամ Ստեփան Սաֆարյանը։
Նրա խոսքով՝ չնայած «Բարեւ, Երեւան» խմբակցության ավագանու անդամները համոզված չեն, որ Վարչական դատարանը ընթացք կտա Երեւանի քաղաքապետի երկու որոշումները չեղյալ համարելու վերաբերյալ հայցերին, այնուամենայնիվ, «Ժառանգություն» կուսակցությունը, որը 22 օրով «օկուպացրել է» Ազատության հրապարակը, դրա համար հանրահավաք չի անցկացնելու։
Ինչպես ընդգծել է Սաֆարյանը, հայցում կարելի էր ներառել խախտումների վերաբերյալ ավելի շատ փաստեր, սակայն «Բարեւ, Երեւան» խմբակցությունը որոշել է այս փուլում այսքանով բավարարվել։ Նա նշել է. «Մինչ այդ, ուղեւորափոխադրող 48 կազմակերպություններ քաղաքապետարան են ներկայացրել համարժեք բնույթի հայտարարություններ, որոնցում գների բարձրացումն արժանի կերպով չի պատճառաբանվում, սակայն վերջնագիր է պարունակվում։ Պահանջում ենք ոչ միայն չեղյալ համարել քաղաքապետի ապօրինի որոշումները, այլեւ պաշտոնից հեռացնել «Երեւան տրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանին եւ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին։ Երեւանի քաղաքապետարանում օրենքը չի գործում»։
Եթե Վարչական դատարանը ընթացք չտա հայցին, իրենք դիմելու են Սահմանադրական դատարան, ինչպես նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ընդգծել է Սաֆարյանը։





























