Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանակերտի նստավայրում, օգոստոսի 6-ին շարունակվել է Տիգրան Վայրանի ինքնասպանության գործով դատաքննությունը, որի ընթացքում կողմերը հանդես են եկել ճառերով:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փոխանցմամբ՝ դատական վիճաբանությունների փուլում մեղադրող կողմը հանդես է եկել մեղադրական ճառով, որով մեղադրյալներ Գեւորգ Մանուկյանի եւ Էրիկ Սարգսյանի համար պահանջել է 4-ական ամիս ազատազրկում, իսկ ավագ լեյտենանտ Հովհաննես Հակոբյանի համար՝ 7 տարի ազատազրկում:
Ճառով հանդես է եկել նաեւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, որում նշել է, որ Տիգրան Վարյանի ինքնասպանության վարկածը եւˊ նախաքննությամբ, եւˊ դատաքննությամբ չի հիմնավորվել, իսկ սպանության վարկածն ընդհանրապես քննության առարկա չի դարձել: Ա. Սաքունցը դատարանին հայտնել է նաեւ, որ թեˊ դատարանը, թեˊ մեղադրողը դատաքննության ընթացքում տուժող կողմին չհամոզեցին, որ Տ. Վարյանը ինքնասպանություն է գործել, ինչպես նաեւ տուժող կողմի մոտ չձեւավորվեց համոզմունք, որ տեղի է ունեցել արդարադատություն:
Դատարանը հրապարակել է մեղադրական դատավճիռը, որով բավարարել է Է. Սարգսյանի եւ Գ. Մանուկյանի մասով մեղադրողի միջնորդությունները, եւ քանի որ վերջիններս 2012 թ. մարտի 12-ից մինչեւ օգոստոսի 2-ը գտնվել են կալանքի տակ, նրանց ազատ է արձակել դատարանի դահլիճից:
Ավագ լեյտենանտ Հ. Հակոբյանի հանդեպ դատարանը կիրառել է ավելի մեղմ պատիժ` նրան դատապարտելով 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն, ըստ Արթուր Սաքունցի, «Դատական պրակտիկայում սովորաբար նման բան չի լինում»: Ի դեպ նշենք, որ նիստը նախագահող դատավոր Հ. Դավթյանը պատրաստվում է գնալ կենսաթոշակի:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը 1 ամսվա ընթացքում կբողոքարկվի ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:





























