Ինձ համար պատիվ է ամառային ուսումնական փուլը դիմավորել սահմանի պաշտպանությունն ապահովող զորամասերից մեկում: Այս մասին, օգոստոսի 5-ին, հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որը ներկա է գտնվել երկրորդ բանակային զորամիավորման զորամասերից մեկում անցկացված հանդիսավոր միտինգին: 

Նշենք, որ ՀՀ զինված ուժերի զորամասերում օգոստոսի 5-ին հանդիսավոր պայմաններում մեկնարկել է ամառային ուսումնական փուլը:

«Հակառակորդի հնարավոր ագրեսիային հակազդող միակ միջոցը հայկական ԶՈՒ-երի մարտական պատրաստականության բարձր աստիճանն է: Յուրաքանչյուրիս պարտքն է միացյալ ուժերով օրը ծառայեցնել ի նպաստ ազգային բանակի մարտական պատրաստության աստիճանի բարձրացման: Իսկ դա անվերջ գործընթաց է, որի հանրագումարն ու վերջնական գնահատականը ձեւավորվում է` ելնելով յուրաքանչյուր զինծառայողի անհատական մարտական պատրաստության աստիճանից եւ գիտելիքներից»,- ասել է Ս. Օհանյանը:

Նախարարն անդրադարձել է նաեւ ՊՆ կողմից մշակված «ՎԱՀԱԳՆ» վարժությունների համալիր համակարգին, որը նախարարի համոզմամբ` թույլ կտա զարգացնել զինծառայողների վարպետությունը, լինել առավել արագ, անձնուրաց եւ նպատակասլաց:

Նույն օրը Սեյրան Օհանյանը եղել է զորամասի սպաների համար կառուցվող հանգստի եւ ժամանցի գոտու շինհրապարակում: Կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության կողմից կառուցվող շինությունը  ապահովված է լինելու լողավազանով, թենիսի եւ բիլիարդի սեղաններով:

Նախարարը ներկա է գտնվել նաեւ գումարտակներից մեկի համար կառուցված զորանոցի, ճաշարանի եւ կաթսայատան բացման հանդիսավոր արարողությանը: Դիմելով զինանձնակազմին՝ Սեյրան Օհանյանը նշել է, որ ՊՆ-ն իր հնարավորությունների ներածին չափով անում է ամեն հնարավորը զինվորների եւ սպաների կենցաղային պայմանները բարելավելու համար: Նախարարը նկատել է նաեւ, որ մեր բանակը հանդիսանում է տարածաշրջանի միակ հաղթանակած բանակը: Զորանոցի բացումը ազդարարող կարմիր ժապավենը համատեղ կտրել են գումարտակի լավագույն զինվորը, սերժանտն ու սպան: Շրջելով զորանոցի եւ ճաշարանի տարածքով` պաշտպանական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել  զինծառայողների համար ստեղծված կենցաղային եւ ուսումանական պայմանները: Սեյրան Օհանյանը եղել է նաեւ զորամասի մարտական հենակետերում, հանդիպել ծովի մակարդակից ավելի քան 3000 մետր բարձրության վրա սահմանագոտու  պահպանությունն իրականացնող զինվորներին, հետաքրքրվել նրանց կենցաղային պայմաններով: Բարձր գնահատելով զինծառայողների ծառայողական պարտականությունների իմացությունը՝ նախարարը նրանցից մեկին՝ Կոլյա Սարդարյանին պարգեւատրել է ԶՈՒ զինանշանը պատկերող ժամացույցով:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարի աշխատանքային շրջայցի երկրորդ օրը մեկնարկել է թիկունքային զորամասերից մեկում, որտեղ Ս. Օհանյանը զինվորների հետ միասին նախաճաշել է զորամասի ճաշարանում: Նախարարը հետաքրքրվել է զինվորների առօրյայով, կենցաղային պայմաններով: Այնուհետեւ նախարարը շրջել է ճաշարանի տարածքով, ծանոթացել դրա պայմաններին:

Հանդիսավոր միտինգին դիմելով զորամասի զինանձնակազմին՝ նախարարը նշել է, որ մենք պատմության ամբողջ ընթացքում ստիպված ենք եղել անընդմեջ ուշադրություն դարձնել ռազմարվեստին:  Որպես արդյունք՝ որտեղ էլ որ հայտնվել է հայը, նա մշտապես հանդես է եկել որպես առաջնակարգ մարտիկ եւ ստրատեգ: Սեյրան Օհանյանը պատվիրել է գիտակցաբար մոտենալ ուսումնական փուլում ներառված մարտական պատրաստականության դասաժամերին, քանի որ դրանից է կախված առկա փխրուն խաղաղության հարատեւությունը: