Մոտ 40 հազար ցուցարարներ դուրս են եկել Թունիսի մայրաքաղաքի փողոցներ։ Ցույցեր են տեղի ունենում Բարդոյի շրջանում։ Ընդդիմությունը, որը աշխարհիկ պետության կողմնակից է, պահանջում է կառավարության հրաժարականը, որը հիմնականում բաղկացած է իսլամիստներից։ Նրանք պահանջում են արձակել նաեւ Սահմանադրական վեհաժողովը, որը ներկայումս աշխատում է երկրի հիմնական օրենքի վրա։
Ակցիայի մասնակիցները ձեռքերում պահում են ազգային դրոշները, ինչպես նաեւ սպանված ընդդիմադիրների նկարները, հաղորդում է «Ռոսբալթը»։
Թունիսի Ազգային սահմանադրական վեհաժողովի խոսնակը հայտարարել է, որ օրենսդիր մարմինը դադարեցրել է իր գործունեությունը։ Վեհաժողովը չի աշխատի այնքան ժամանակ, քանի դեռ կառավարության եւ ընդդիմության միջեւ բանակցություններ չեն սկսվել եւ քաղաքական ճգնաժամը չի հարթվել, փոխանցում է «Lenta.Ru»-ն։
Թունիսում իշխող իսլամիստներն աննախադեպ զիջումների են գնացել իշխանության դեմ բողոքող հազարավոր ցուցարարների։ Նրանք հայտարարել են, որ պատրաստ են հանրաքվե անցկացնել՝ երկրում տիրող ճգնաժամը հարթելու համար։
Նշենք, որ օգոստոսի 4-ին Թունիսում իսլամիստների կառավարությանն աջակցող ակցիա է անցկացվել։ Ցուցարարները կոչ են արել թույլ չտալ, որպեսզի իրադարձությունները զարգանան այնպես, ինչպես Եգիպտոսի դեպքում։





























