ԱՄԿ-ԱԻՄ-ի գործունեության լուսապսակը կարելի է համարել «Անկախություն հանրաքվեի ճանապարհով» ծրագրի որդեգրումը, որը տեղի է ունեցել ուղիղ 40 տարի առաջ, օգոստոսի 10-11-ին, Ազգային միացյալ կուսակցության ղեկավարության արտագնա նիստում: Այս մասին, այսօր` օգոստոսի 8-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:
Նրա խոսքով՝ եթե մենք քաղաքակիրթ ժողովուրդ լինեինք, այս իրադարձության 40-ամյակը տարվա հիմնական նյութը կլիներ: «Սակայն առայժմ միայն ԱԻՄ-ն է նշում՝ արդեն ավանդական դարձած ասուլիսով եւ 40 տարի առաջ իրականացված երթուղով իրականացվող արշավով: Համոզված ենք, որ գալու է մի ժամանակ, երբ սա համազգային միջոցառում է դառնալու»,- ասաց Պարույր Հայրիկյանը:
Նա ներկայացրեց նաեւ իրենց երթուղին եւ բոլոր ցանկացողներին հրավիրեց մասնակցել արշավին: «Կշարժվենք օգոստոսի 10-ին, ժամը 15.00-ին կամ 16-ին Գայի արձանի դիմացից: Միջոցառումը` Գեղարդ 20.45-ին գիշերակյաց, Գողթ գյուղում 12.00-ին ավանդական խարույկ: Օգոստոսի 11-ին ժամը 6.00-ին դեպի սուրբ Ստեփանոս եկեղեցի, 12. 00-ին դեպի Հավուցթառ, 16.00-18.00-ին՝ Գողթ, 19.00-ին դեպի Երեւան»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























