Դեռեւս երկուշաբթի օրը Երեւանի քաղաքապետարանի առջեւ նստացույց անող ակտիվիստները դիմել էին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, որտեղ մասնավորապես նշել էին կիզիչ արեւից պաշտպանվելու հնարավորության բացակայության մասին: Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը պաշտոնական գրություն է ուղարկել Ոստիկանապետին: Պաշտպանը վստահ է, որ «կիզիչ արեւին մեկ հովանոցի տեղադրումը թե´ իրավական է, թե´ մարդասիրական»:
«Երեւանի քաղաքապետարանի առջեւ նստացույցի միջոցով իրենց բողոքն արտահայտող մի խումբ քաղաքացիներ հրապարակայնորեն դիմել են մեզ եւ հայտնել, որ կիզիչ արեւից պաշտպանության միջոցներ չթույլատրելու, լուսավորության անջատումների եղանակներով պարբերաբար հոգեբանական եւ ֆիզիկական ճնշումներ են գործադրվում իրենց նկատմամբ: Նստացույցի ողջ ընթացքում մենք ստացել ենք բազմաթիվ ահազանգեր, եւ իմ ներկայացուցիչները տեղում արձանագրել են, որ այս կապակցությամբ առանձին պնդումներ համապատասխանում են իրականությանը:
Այլ առիթներով արդեն հրապարակայնորեն եւ պաշտոնական գրություններով նշել եւ հիմնավորել ենք, որ խախաղ հավաքների անցկացման ընթացքում մեկ վրանի կամ մեկ հովանոցի տեղադրումը չի կարող դիտվել որպես ոչ իրավաչափ գործողություն, եթե դա անհրաեշտ է խաղաղ ցուցարարների կյանքի եւ առողջության պաշտպանության համար, եւ եթե այդ պաշտպանիչ կառույցները որեւէ կերպ չեն խոչընդոտում երթեւեկությանը, անցորդների տեղաշարժմանը եւ պետական եւ այլ մարմինների անխափան գործունեությանը:
Խորապես մտահոգված լինելով խաղաղ հավաքի մասնակիցների առողջությամբ եւ անվտանգությամբ՝ խնդրում եմ Ձեր հանձնարարականը համապատասխան պաշտոնյաներին՝ նստացույցի մասնակիցների անվտանգությունն ու առողջությունը լիարժեք ապահովելու ուղղությամբ: Մասնավորապես առաջարկում եմ չխոչընդոտել մեկ վրանի կամ մեկ հովանոցի իրավաչափ տեղադրմանը ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում, ինչպես նաեւ գիշերային ժամերին լուսավորության բացակայության դեպքում ուժեղացնել նստացույցի մասնակիցների անվտանգության ապահովման միջոցառումները»,- նշել է օմբուդսմենը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























