Ադրբեջանի բոլոր խելամիտ քաղաքական ուժերի համար արդիական է ներկայիս նախագահ Իլհամ Ալիեւից ազատվելը։ Այս մասին օգոստոսի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի հայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը։
Նրա խոսքով՝ Թբիլիսիում կայացած հավաքի ընացքում Ադրբեջանի ընդդիմադիր քաղաքական ուժերը որոշել են անել հնարավոր ամեն բան՝ Բաքու ժամանելու եւ կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու։ «Ընդդիմության առաջնորդ Ռուստամ Իբրահիմբեկովի հետ համագործակցության վերաբերյալ մենք կարծում ենք, որ հիմնական հակասությունների պատճառ կարող է հանդիսանալ Լեռնային Ղարաբաղի հարցը»,-կարծիք է հայտնել Գրիգորի Այվազյանը, հավելելով, որ Իբրահիմբեկովը եւս մտահոգված է երկրի ճակատագրով։
Նա հավելել է, որ Ալիեւին սպասում է նույն ճակատագիրը, ինչ լիբիացի առաջնորդ Մուամմար Քադդաֆիին։
Ընդգծենք, որ հուլիսի 30-31 Թբիլիսիում հանդիպել են ադրբեջանական ընդդիմության ներկայացուցիչները, այդ թվում՝ նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու Ռուստամ Իբրահիմբեկովը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանում նախագահական ընտրությունները կկայանան ընթացիկ տարվա հոկտեմբերին։





























