Հայաստանի կառավարությունը վերջին ամսվա ընթացքում մեծածավալ աշխատանք է կատարել՝ գնումների ընթացակարգը բարելավելու ուղղությամբ: Այդ մասին Հայաստանի կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Վերջինիս խոսքով, ֆինանսների նախարարության կողմից կատարված վերջին շաբաթվա մոնիտորինգը վկայում է, որ էական բարելավում եւ տեղաշարժ կա գնումների գործընթացում, մասնավորապես պայմանագրերի կնքման, պայմանագրերի մեջ ներառված դրույթների, մրցույթ հայտարարելու ժամանակի պահպանման: «Բայց դա չի նշանակում, որ բոլոր խնդիրները լուծված են: Դեռեւս կան գերատեսչություններ, որտեղ արձանագրվում են գնումների գործընթացի խախտումներ: Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին մենք պետք է ոչ միայն նվազագույնի հասցնենք այդպիսի դեպքերը, այլեւ ընդհանրապես բացառենք: Սա նշանակում է, որ հոկտեմբերին մենք նորից իրականացնելու ենք ուսումնասիրություն գնումների գործընթացում, եւ խնդրում եմ, որպեսզի նախարարները իրենց անձնական հսկողության տակ պահեն խնդիրը»,- նշել է վարչապետը:
Նա հայտնել է, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին իրականացնելու են պետության կողմից մատուցվող ծառայությունների մոնիտորինգ, ինչպես որ դա իրականացնում էին անցած եւ նախանցած տարիներին: «Մոնիտորինգն իրականացնում են ոչ պետական կառույցները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները. դրա արդյունքները քննարկման առարկա են դառնում վերահսկող ծառայությունների կողմից, որից հետո մենք տալիս ենք գնահատականներ: Առաջին հերթին խոսքը վերաբերում է այն ծառայություններին, որոնց առնչվում են հարյուր հազարավոր մեր քաղաքացիներ: Եվ, առաջին հերթին, հենց դրանով է պայմանավորված վերաբերմունքը պետության նկատմամբ: Խնդրում եմ, որպեսզի դուք հանձնարարեք ձեր ենթակայության տակ գտնվող ծառայություններին՝ ինքնուրույնաբար համապատասխան ուսումնասիրություններ իրականացնել, բացահայտված խնդիրներին տալ լուծումներ, որպեսզի մենք սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին անակնկալ արդյունքներ չունենանք»,- արձանագրել է վարչապետը:
«Եվ երրորդը՝ համախառն ներքին արդյունքի գնահատականները մենք արդեն հավաքում ենք ըստ գերատեսչությունների, առանձին խորհրդակցություն կանցկացնենք եւ կառավարության հերթական նիստերից մեկում կամփոփենք արդյունքները, մեր գնահատականները նախորդ ամիսների տնտեսական աճի ներուժի վերաբերյալ եւ 2013 թվականի ըստ ոլորտների սպասվող տնտեսական աճի վերաբերյալ: Այստեղ էլ բոլոր գերատեսչություններն անելիք ունեն:
Նույն ռեժիմով կաշխատենք, ինչպես անցած տարի՝ բոլոր տեղեկությունները կտրամադրենք նաեւ Պետական եկամուտների կոմիտեին, որպեսզի ըստ համախառն ներքին արդյունքի աճի կարողանանք բացահայտել նաեւ լրացուցիչ հարկերի հավաքման ներուժն ըստ ոլորտների»,- ասել է Տիգրան Սարգսյանը:





























