2008թ օգոստոսին Վրաստանում տեղի ունեցած հակամարտությունը հանգեցրել է հարյուրավոր մարդկանց ողբերգական մահվան, շատերը բռնի տեղահանվել են։ ԵԱՀԿ-ի եւ դրա անդամ-պետությունների համար այդ հակամարտությունը եւ դրա հետեւանքները հիշեցում էին Կազմակերպության մանդատի մասին։ Այս մասին ասվում է ԵԱՀԿ կայքում տեղադրված հայտաարությունում՝ կապված 2008-ի պատերազմի 5-ամյա տարելիցի հետ։
«Այսօր՝ պատերազմից 5 տարի անց, ԵԱՀԿ-ն ինտենսիվորեն ներգրավված է միջնորդական գործունեությունում, որը վերաբերում է հակամարտության հետեւանքներին։ ԵՄ-ի եւ ՄԱԿ-ի հետ միասին, ԵԱՀԿ-ն համանախագահում է Ժնեւյան միջազգային երկխոսություններում»,-ասվում է հայտարարությունում։
«Հակամարտության տարածքում բնակվող մարդիկ արժանի են խաղաղության, կայունության»,-ասվում է հայտարարությունում։ Նշվում է, որ այդ նպատակով հատուկ մեխանիզմներ են ստեղծվում։ ԵԱՀԿ-ն իրականացնում է նաեւ նախագծեր, որոնք ֆինանսավորվում են ԵՄ կողմից եւ ուղղակիորեն բարելավում են հակամարտությունից տուժած մարդկանց կյանքը եւ նպաստում նրանց միջեւ վստահության ստեղծմանը։




























