Ջեյմս Ուորլիքի (James Warlick)՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ նշանակվելու առիթով, Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) կրկին իր մտահոգություններն է հայտնում կապված Ադրբեջանի աճող ռազմատենչ հռետորաբանության, շարունակական ռազմականացման եւ հրադադարի խախտման դեպքերի հետ:

«Ամերիկայի Հայկական Համագումարը հույս է հայտնում, որ դեսպան Ուորլիքը եւ իր ԵԱՀԿ համանախագահող գործընկերները, կներգրավեն ժողովրդավարական ճանապարհով ընտրված Լեռնային Ղարաբաղի կառավարությանը խաղաղ բանակցություններին: Միայն ԼՂՀ կառավարության մասնակցությամբ եւ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների աջակցության շնորհիվ, ովքեր խիզախորեն պաշտպանել են իրենց հայրեինքը, կարելի է  հասնել տեւական խաղաղության»,- հայտարարել է Ամերիկայի Հայկական Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

«Վերջին տարիներին շփման գծի երկայնքով հրադադարի խախտման դեպքերն էապես աճել են: Միաժամանակ Ադրբեջանը սկսել է հսկայական քանակությամբ հարձակվողական զինատեսակներ գնել, որոնց գումարը 2011 -2012 ֆինանսական տարում կազմեց շուրջ 6 միլիարդ ԱՄՆ դոլար: Անցած ամիս հայտնի դարձավ, որ Ադրբեջանն սկսել է ստանալ Ռուսաստանից գնված 1 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ զենք, մինչդեռ Միացյալ Նահանգների Կոնգրեսն Ադրբեջանի Զինված ուժերին լրացուցիչ 3.3 միլիոն ԱՄՆ դոլար տրամադրելու գործընթացում է: Ամերիկայի Հայկական Համագումարը բարձրաձայնել է այս խնդիրներն անցած ամսվա հաշվետվությունը ներկայացնելու ժամանակ, երբ Եվրոպայում Անվտանգության եւ Համագործակցության Հանձնաժողովի (ԱՄՆ Հելսինկյան Հանձնաժողովը) «Անհանգիստ գործընկեր. Ադրբեջանում աճող ավտորիտարիզմը» խորագրով լսումներն էին անցկացվում»,-ասված է Ամերիկայի հայկական համագումարի հաղորդագրության մեջ:

 Նշենք, որ Ուորլիքը նախկինում եղել է ԱՄՆ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչը Աֆղանստանի ու Պակիստանի հարցերով եւ առաջատար բանակցող Աֆղանստանի հետ Երկկողմանի Անվտանգության Պայմանագիր կնքելու ժամանակ: Նա եղել է ԱՄՆ-ի դեսպան Բուլղարիայում 2009-2012թթ., պետքարտուղարի տեղակալի օգնական Միջազգային Կազմակերպության հարցերով բյուրոյում 2006-2009 թթ. եւ Եվրոպական Անվտանգության եւ Քաղաքական հարցերով գրասենյակի տնօրեն 2005-2006թթ.:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին դեսպան Ուորլիքին անվանել է «առաջնակարգ դիվանագետ»: Քերրին հիշեցրել է նաեւ, որ «ԱՄՆ-ը հավատարիմ է մնում իրենց ձգտմանն օգնելով կողմերին հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրի հարատեւ եւ խաղաղ կարգավորման»: