Արագածոտնի մարզում այսօր` օգոստոսի 8-ին, ժամը 16:10-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքի բնակիչ, 61-ամյա Կարեն Ղ-ը, վարելով «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան, Երեւան-Գյումրի ավտոճանապարհին  դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ շրջվել: Վթարի հետեւանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության Աշտարակի բաժնից:

Թալինի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Խաչատրյանն էլ հայտնեց, որ 61-ամյա Կարեն Ղ-ի, ուղեւորներ 54-ամյա Գոհար Մկրտչյանի եւ հարսի՝ Ռուզաննա Մկրտչյանի վիճակը գնահատվում է միջին ծանրության, իսկ  6-ամյա Արթուր Մկրտչյանին, ով պոլիտրավմա է ստացել, կյանքը փրկել չի հաջողվել: Նրան ցանկացել են տեղափոխել Երեւան, սակայն վիճակը կտրուկ վատացել է եւ րոպեներ առաջ մահացել է: «Մինչեւ նորից տեղափոխեցինք վիրահատարան, վերակենդանացման միջոցառումները օգուտ չտվեցին: Նրանք Ղարաբաղի բնակիչներ են: Եկել էին ազգականի մոտ, գործով գնացել են Գյումրի Մասարա գյուղի մոտակայքում տեղի է ունցել այդ վթարը»,- նշեց նա: Մեր տեղեկություններով, երեխայի հայրը, տեղեկանալով կատարվածի մասին, Ղարաբաղից գալիս է Հայաստան:

Նշենք, որ մահացած փոքրիկը Արցախի Գերագույն Խորհրդի նախկին նախագահ, վաղամեռիկ Արթուր Մկրտչյանի թոռն էր: