Հայաստանի կառավարող կուսակցությունը  կփորձի  պատասխաններ տալ ուսման վարձի բարձացման դեմ պայքարող ակտիվիստներին միայն այն դեպքում, երբ պարզվի բողքի ակցիաների կազմակերպման մակարդակը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ քարտուղար Հովհաննես Սահակյանը` անդրադառնալով երիտասարդական շարժման հետագա ընդլայնման հեռանկարներին:

Նրա խոսքով` հանրության կողմից բարձրացված հարցերը միշտ քննարկվում են եւ ստանում են իրենց, հիմնականում դրական, լուծումը:

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նշեց, որ յուրաքանչյուր շարժում իշխանություններից պխահանջում է լսել իր մասնակիցներին: «Իշխանությունները ի վերջո պետք է հասկանան, որ հանրությանը հուզող յուրաքանչյուր խնդիր կարող է լուծվել հասարակության կարծիքը հաշվի առնելու եւ ճիշտ «ոսկե միջին» գտնելու եղանակով»,-հայտարարեց նա` բարձր գնահատելով  երիտասարդական շարժման դերը, որը տալիս է իր դրական արդյունքները:

ՀԱԿ-ից Երեւանի ավագանիի նախկին թեկնածու Վլադիմիր Կարապետյանը հայտարարեց, որ ընտրություններից հետո երկրում համատարած թանկացումները պատահական չեն, եւ ժողովուրդը վճարում է ՀՀԿ-ին ձայն տալու համար: Յուրաքանչյուր բողոքի շարժում համարում եմ կառավարող կուսակցության դեմ դժգոհություն, որը մենաշնորհ է հաստատել բոլոր ուղղություններով: Եւ ժողովուրդը տարբեր շարժումների ձեւով հայտնում է  իր դժգոհությունն այդ մենաշնորհից»,-ընդգծեց Վ. Կարապետյանը: