ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կոչ է արել ակտիվացնել Ժնեւում Սիրիայի հարցերով միջազգային կոնֆերանսի նախապատրաստումը։ Այս մասին ասվում է համաշխարհայիյն կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկիի տարածած հայտարարությունում։

«Գլխավոր քարտուղարն ընդգծել է այս հակամարտության քաղաքական գարգավորման անհրաժեշտությունը եւ Սիրիայի հարցերով ժնեւյան կոնֆերանսի ուղղությամբ ջանքերի վերսկսումը»,-հաղորդել է Նեսիրկին՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Հիշեցնենք, որ կոնֆերանսի անցկացման նախաձեռնությամբ հանդես են եկել ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, որպեսզի անակցությունների սեղանի շուրջ նստեցնեն Սիրիայի իշխանություններին ու ընդդիմությանը։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Սերգեյ Լավրովը, Սիրիայի կառավարությունն արդեն համաձայնել է իր պատվիրակությունն ուղարկել՝ առանց նախապայմանների. նմանատիպ քայլ են ակնկալում նաեւ ընդդիմության կողմից։