Ռուսաստանցի ԼԳՏԲ շարժման ակտիվիստ Նիկոլայ Ալեքսեեւն, այսօր՝ օգոստոսի 14-ին, հարցաքննվել է Քննչական կոմիտեում՝ Պետական դումայի պատգամավոր, հակագեյական օրենքի համահեղինակ Ելենա Միզուլինայի գործով: Քննության վարկածով՝ իրավապաշտպանը համացանցում մի քանի վիրավորական մեկնաբանություններ է թողել պատգամավորի հասցեին:
Ներկայումս այդ գործով ԼԳՏԲ-ակտիվիստն անցնում որպես վկա եւ պարտավորվել է չհրապարակել գործի վերաբերյալ տեղեկություններ: Հարցաքննությունից հետո Ալեքսեեւը հայտարարել է, որ քննիչները ոչ մի «անհարմար» հարց իրեն չեն տվել:
«Զրույցն ընթացել է բարեհամբույր եւ բարիդրացիական մթնոլորտում, բայց ես այնքան էլ չեմ հասկանում, թե ինչպես այդպիսի գործում հնարավոր է ապացուցել մեղքը: Twitter-ը հասարակական պորտալ է, այնտեղ ես մի քանի մի քանի հազար մեկնաբանություն եմ գրել…»,- Life News-ին հայտնել է Ալեքսեեւը հարցաքննությունից դուրս գալուց հետո:
Այն մասին, որ Պետդումային ընտանիքի հարցերով հանձնաժողովի նախագահ Ելենա Միզուլինան եւ նրա տեղակալ Օլգա Բատալինան բողոք են ներկայացրել ԼԳՏԲ ակտիվիստի դեմ՝ զրպարտության համար, հայտնի է դարձել հուլիսի վերջին:
«Տիկին Միզուլինան, երեւում է, չի կարողանում գիշերները քնել, կարդում է իմ թվիթները: Ես չգիտեմ, թե ինչ բողոքներ կարող են լինել ինձնից: Ես ոչ մեկին չեմ վիրավորել, պարզապես իմ դիրքորոշումն եմ հայտնել»,-հայտարարել է Նիկոլայ Ալեքսեեւը հարցաքննությունից առաջ:



























