Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը օգոստոսի 14-ին այցելություն է կատարել Օղուզի, Իսմայիլիի, Գաբալայի եւ Շեքիի շրջաններ, որտեղ մասնակցել է մի շարք հաստատությունների բացման արարողությանը:
Ինչպես հաղորդում է contact.az-ը, Իսմայիլիում խմելու ջրի նոր համակարգի շահագործման հանձնելու արարողության ժամանակ ելույթ ունենալիս, Ալիեւը կոչ է արել պետական պաշտոնյաներին քաղծառայողին հարիր կեցվածք ունենալ: «Նրանք, իրենց բարեկամները տանջում են մարդկանց, բարկացնում, ոչ համապատասխան արարքներ են թույլ տալիս, իրենց համեստ չեն պահում: Նման դեպքերում, իհարկե, կիրառվել են եւ կկիրառվեն լուրջ միջոցներ»- հայտնել է Ալիեւը: Նրա կարծիքով պետական անձինք պետք է արդարությամբ ծառայեն հայրենիքին եւ ժողովրդին՝ օրինակ բերելով ինքն իրեն: «Յուրաքանչյուր պետական գործիչ պետք է իմանա, որ պաշտոնը զբաղեցնում է ժողովրդին ծառայելու համար: Ես վարում եմ այս պաշտոնը միայն ժողովրդին ծառայելու համար: Յուրաքանչյուր պետական գործիչ պետք է գիտակցի իր ով լինելը, աշխատի հանուն հայրենիքի եւ ժողովրդի բարօրության»:
Այս նախազգուշացման տակ թաքնված է որոշակի ենթատեքստ: Հենց Իսմայիլիում, սույն թվի հունվարին ժողովրդական հուզումներ տեղի ունեցան այն բանից հետո, երբ «Չիրագ» հյուրանոց մենեջերը ավտովթարի հեղինակ էր դարձել եւ վիրավորել էր տեղացիներին: Ոչ պաշտոնական տվյալներով՝ պատահարի մասնակից էր եղել նաեւ աշխատանքի նախարար Ֆիզուլի Ալեքփերովի որդին: Սոցիալական կայքերում հայտնված փաստաթղթերը ապացուցում էին, որ զայրացած ամբոխի կողմից հրդեհված «Չիրագ» հյուրանոցը պատկանել է նախարարի որդուն:
Այս իրադարձություններից մեկ ամիս անց հանդիպման ժամանակ Ալիեւը եւս հրապարակայնորեն զգուշացրել էր պետական պաշտոնյաներին եւ նրանց ժառանգներին՝ խուսափել գործողություններից, որոնք առաջացնում են քաղաքացիների դժգոհությունը: Հանդիպումից հետո Ալիեւը պաշտոնից հեռացրել էր Իսմայիլի վարչական շրջանի ղեկավար Նիզամի Ալեքփերովին, ով հանդիսանում է աշխատանքի նախարարի եղբայրը:




























