Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմն անդրադարձել է «Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնության՝ երեկ տարածած հայտարարությանը ՝ մայրաքաղաքի կենտրոնի եւ մյուս շրջանի ասֆալտապատման խնդիրների վերաբերյալ:

«Հրապարակման մեջ հայտարարության հեղինակներն անդրադարձել էին Դավիթաշեն 4-րդ թաղամասի 10-րդ շենքի բակում իրականացված ապօրինի շինարարական աշխատանքներին՝ կոյուղագիծ անցկացնելու համար։ Այս հրապարակմանը չէինք արձագանքի, եթե հեղինակները նշած չլինեին, որ «թաղապետարանի աշխատակիցներից եւ ոչ մեկի մտքով անգամ չի անցնում այցելել, էլ չասենք վերացնել իրենց իսկ կողմից արտոնված ապօրինի գործողությունների հետեւանքները»:

Նախ նշենք, որ տնտեսվարողի կողմից կոյուղագծի անցկացումն իրականացվել է ինքնակամ, որը Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցները նկատել են հերթական շրջայցի ժամանակ, աշխատանքների հաջորդ իսկ օրը, փորելու ընթացքում։ Ապօրինության հեղինակների նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ, կազմվել է արձանագրություն՝ համապատասխան տուգանքի կիրառմամբ։ Ավելին՝ երկրորդ շրջայցի ժամանակ կրկին նկատել են, որ իրավախախտները խողովակ են անցկացնում, ինչի կապակցությամբ կրկին արձանագրություն է կազմվել եւ նրանց տրամադրվել է սեղմ ժամկետ տարածքը նախկին տեսքին բերելու համար:

Վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի խոսքով՝ ողջունելի է, որ հասարակական նախաձեռնությունները ուշադրության կենտրոնում են պահում հատկապես ծայրամասային շրջանների խնդիրները, սակայն վարչական շրջանի համապատասխան կառույցները տիրապետում են իրավիճակին, խնդիրների մասին ավելի վաղ են տեղեկանում ու միջոցներ ձեռնարկում դրանց լուծման համար, իսկ ապօրինություններ չեն արտոնվում։

Ինչ վերաբերում է այն պնդմանը, որ «Երեւանի կենտրոնում քանդում են նոր ասֆալտը, իսկ ծայրամասերը խայտառակ վիճակում են», Ռ. Բաղդասարյանն արձագանքել է. «Նման կարծիք ունեցող բոլոր ցանկացողներին հրավիրում եմ Դավթաշեն։ Միասին կշրջենք Դավթաշենի գլխավոր, երկրորդական, նույնիսկ երրորդական փողոցներով, որից հետո եզրակացություններ անելու իրավունքը կթողնեմ մեր հյուրերին»,- ասվում է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հայտարարության մեջ։