Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքի առթիվ, որն առաջացրել է բուժվող հիվանդի՝ Գուրգեն Խառատյանի մահը։

Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, թե 2012 թվականի նոյեմբերի 18-ին՝ ժամը 21-ի սահմաններում, Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է ընդունվել Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի բնակիչ, 1995 թվականին ծնված Գուրգեն Խառատյանը, որը «Ինֆեկցիոն տոքսիկ շոկ, ԴՎՍ սինդրոմ, երկկողմանի թոքաբորբ, սուր շնչառական եւ սիրտ անոթային անբավարարություն» ախտորոշմամբ, տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Նույն օրը՝ ժամը 23:50-ին, Վանաձորի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, Գուրգեն Խառատյանը մահացել է:

Գուրգեն Խառատյանի մահվան պատճառները պարզելու նպատակով Լոռու մարզի քննչական բաժնի Գուգարքի քննչական բաժանմունքում նյութերի նախապատրաստման ընթացքում նշանակվել է  հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն։ Օրեր առաջ ստացված  եզրակացության համաձայն,  բուժհաստատություններում Գուրգեն Խառատյանի վիճակի ճիշտ ախտորոշում չի իրականացվել, բուժմիջոցառումներն իրականացվել են ոչ լիարժեք ծավալներով, ոչ ժամանակին, ոչ պատշաճ եւ թույլ տրված ախտորոշիչ եւ բուժական սխալները գտնվում են պատճառահետեւանքային կապի մեջ Գուրգեն Խառատյանի մահվան հետ:

Փաստի առթիվ դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ  հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործն ուղարկել Լոռու մարզի քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար: